Մատչելիության հղումներ

«Համարձակության պակասն ակնհայտ էր». արձագանքներ վարչապետի շնորհավորական ուղերձին


Պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, ամանորյա ուղերձում հայտարարեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ Նա 2022-ը ծանր մարտահրավերների տարի համարեց. խոսեց Արցախի շրջափակումից, ադրբեջանական ներխուժումից, մեղադրեց դաշնակիցներին Հայաստանին մենակ թողնելու համար ու շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք անտարբեր չգտնվեցին՝ առանց անուններ թվելու։

«Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը: Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը», - հայտարարել է վարչապետը:

Փաշինյանի՝ տոնական շուրջ 15 րոպեանոց ուղերձի կեսից ավելին կառավարության ձեռքբերումների, արածի մասին էր, բայց ոչ մի խոսք չարածի, ձախողումների մասին՝ այս անգամ օգտագործելով փոխաբերություն, բայց ըստ էության, չհստակեցնելով դրան հասնելու ուղիները. - «Փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ»:

Իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը վարչապետի ելույթը ոչ համարձակ է համարում, ասում՝ Փաշինյանից հայ-ադրբեջանական թեմայի, Արցախի խնդրի վերաբերյալ հստակ խոսք կուզեր լսել։

«Ես չտեսա այդ խոսքը, համարձակության պակասն ակնհայտ էր, ինչպես մի քանի տարի է չի բավականացնում նրա համարձակությունը ճշմարտությունը ասել այդ թեմաների շուրջ, այնպես էլ այս անգամ չասաց: Մնացածը լիրիկական զեղումներ էին», - նշեց իրավապաշտպանը:

Հարությունյանը կարծում է, որ երկրի ղեկավարը պետք է լուծումներ ներկայացնի քաղաքացիներին, ոչ թե ներկայացնի իրավիճակը, որ պարզ ճշմարտության պես հայտնի է բոլորին. - «Այն լուծումների մասին, որոնց դեպքում Հայաստանը կգտնվի բոլորովին այլ իրավիճակում և կվերանա պատերազմի վտանգը: Եթե նա չի ասում նման լուծումներ, միայն ասում է, որ վիճակը ծանր է, դա գիտեն բոլորը, պետք չի մարդկանց ասել այն, ինչ մարդիկ գիտեն»:

Արդյոք քաղաքացիները դիտել են վարչապետի ուղերձը, եթե այո, ապա ինչ են հասկացել։ Հարցմանը մասնակիցներից ոչ բոլորն էին դիտել՝ ոմանք ժամանակ չեն ունեցել, ոմանք էլ պարզապես ցանկություն։

«Իրա արած ամեն մի աշխատանք էր ուղերձի մեջ նշված, ճիշտ է վատն էլ կա, թերություններ կան, բայց եթե 30 տարի էն են արել, ինչ ես հիմա եմ իմանում, մեր երկիրը քանդել են», - ասաց քաղաքացիներից մեկը:

Փաշինյանի խոսքը լսած քաղաքացիները «տպավորված», «հուսադրող» բառերն են օգտագործում։ Վարչապետի խոսքում մարդիկ բացասական զարգացումների սպասում էլ են նկատել։

«Անկեղծ ասած վարչապետի ասելուց նենց չի, որ ամբողջությամբ կարողանում ենք հասկանալ: Ես որևէ դրական կամ առաջիկայում հայ ժողովրդի համար նպաստավոր որևէ ակնկալիք չեմ սպասում իր խոսքից», - նշեց մեկ այլ քաղաքացի:

XS
SM
MD
LG