Մատչելիության հղումներ

Նոր տարին` Գորիսի հյուրանոցում, տնից հարյուր կիլոմետր հեռու


- «Մամ բա իրա հետի նվերներ ե՞ք առալ, բաբոյի հետի կամ դեդոյին նվեր ե՞ս առալ…»:

- «Հա Անիտա, նվերները առալ ենք, մունք մեր հույսը կտրցնում չենք, մունք տխրվում չենք, գյուդում ենք, վեր լոխ լավ ա ինական, պայքարում ենք»:

Ամանորի նվերները տոնածառի տակ են, միայն թե տուն հասնել և տոնը ընտանիքի հետ նշել 15-ամյա Անիտա Ղահրամանյանը չի կարողանա։ Ամեն օր զանգում հարցնում է, թե տնեցիներն ինչպես են պատրաստվում նշել Նոր տարին։ Հաճախ տրվող հարցերը վերաբերում են օր-օրի խանութներում պակասող միրգ-բանջարեղենին.

- «Մամ մանդարին օնի՞ք»:

- «Մանդարի՞ն, հա հենա օնինք, Նոր տարին առանց մանդարին հնարավոր չի»:

Շրջափակման երրորդ շաբաթն է լրանում, ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և այս կողմում մնացած հարյուրավոր արցախցիներ ստիպված են Նոր տարին դիմավորել Գորիսի հյուրանոցներում՝ տնից մոտ 100 կիլոմետր հեռու։

Վրաստանում կայացած մրցույթից մրցանակներով վերադարձած պարային խմբի անդամները ճանապարհին իմացան, որ տուն հասնել չեն կարող։

«Ոգևորված և ուրախ հետ էինք վերադառնում, որպեսզի մեր ընտանիքի անդամների հետ և մշակույթի մյուս մասնագետների հետ միասին նշենք այս տոնը, այս գեղեցիկ առիթը, բայց ցավոք սրտի էդպես էլ տուն չհասանք», - ասում է պարուսույց Լարի Ավանեսյանը: Նա հիմա փորձում է փոխարինել իր խմբի դեռատի պարուհիների ծնողներին. - «Նախ օրակարգը առաջին օրվանից սկսած այնպես եմ դասավորում, որ ազատ ժամանակ չունենան նմանատիպ բաների մասին մտածելու, և շատ հաճախ ենք զրուցում նրանց հետ՝ թե՛ որպես պարուսույց, թե՛ որպես ընկեր, թե՛ որպես մայր»։

Ալյոնա Դանիելյանն ընտանիքի անդամների հետ զրուցելիս փորձում է այնպես անել, որ չանհանգստանան իր համար։ Նույնն էլ ընտանիքի անդամներն են անում։ Միայն թե Ալյոնան գիտի, որ Ստեփանակերտում շրջափակման մեջ գտնվող հարազատները չեն կարող Նոր տարին նշել այնպես, ինչպես նախկինում։

«Թեկուզ և, ինչպես գիտենք, խանութներում ոչինչ չկա ինչպես հարիր է հային նշելու Նոր տարին, բայց նրանք այդ ամենը մեզ չեն ասում՝ ասելով, որ «ամեն ինչ լավ է, ամեն ինչ կա, սովորական է, ճիշտ է՝ վատ է, որ մեզանից հեռու եք, բայց դե ամեն ինչ լավ է լինելու», - ասում է Ալյոնան:

Մարիա Ղարիբյանն անցնող տարվա վատ իրադարձությունները չի ցանկանում մտաբերել։ Ընտանիքից հեռու լինելը փոքր փորձություն է համարում, որը, վստահ է, կհաղթահարի։ Ասում է՝ ամենաշատը փոքր եղբորն ու նրա հետ վեճերն է կարոտել. - «Նախ և առաջ խոսում ենք մեր կռիվների մասին, արդեն դա էլ ա կարոտում, ասում ա՝ «ուզում եմ գաս, չեմ կռվելու քո հետ, խնդրում եմ ետ արի», բայց դե ես փորձում եմ անընդհատ ասել՝ լավ ա լինելու, կգամ, դեռ կշարունակենք մեր կռիվները…»:

15-ամյա աղջիկն Արցախի և արցախցիների խնդիրների մասին ամեն օր է մտածում։ Կարծում է՝ իր սերնդից շատ բան է կախված, միայն թե գալիք տարում մի փոքր խոհեմ լինել է պետք. - «Միայն պատմության ու ճշգրտության շնորհիվ կարող ենք լուծել այս հարցը։ Ուրիշների կյանքերին պետք չէ վերջ տալ, որպեսզի այս հարցը լուծվի»:

Իր հասակակիցներին կոչ է անում լավ սովորել, որպեսզի գոնե իրենք կարողանան լուծել մեծերից իրենց փոխանցված անվերջանալի վեճերը հարևանների հետ։

Պարուսույց Լարի Ավանեսյանին ավելի շատ մտահոգում են ճանապարհի բացվելուց հետո առաջացող խնդիրները։ Կարծում է, որ հեռավորությունն ու կարոտը լուծելի խնդիրներ են, միայն թե բաց ճանապարհն արցախցիներին Արցախից հեռանալու մտքեր չտա։

«Այս պահի դրությամբ մեր կողմից՝ հասարակ ժողովրդի կողմից ամենակարևոր պայքարը և ամենակարևոր քայլերը կլինեն նրանք, որ մենք մնանք Արցախում և դուրս չգանք, չվախենանք, որովհետև այս սադրանքները հենց դրա համար են արվում, որպեսզի հայաթափեն Արցախը: Եվ ես կարծում եմ՝ եթե մենք մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք էս հարցին, կարող ենք դիմակայել, մնալ և մեր ուժով, մեր դիմադրությամբ էս ամեն ինչին որևէ լուծում տալ», - ասում է Ավանեսյանը:

Փակ ճանապարհի երկու կողմերում Ամանորին ընդառաջ հնչող մաղթանքներում և ցանկություններում մի կրկնվող բառ կա.

«Մեր պլաններում միայն խաղաղություն ա, խաղաղություն ինի, լոխ խոխերքը կյան իրանց տոն, իրանց մամոցը կողքը, հինչքան հեռու մարդիկ կան լոխ միանան իրար ու խաղաղություն ինի, հինչ պիտի պլանավորինք»:

«Մաղթում եմ, որպեսզի լինի խաղաղություն…Վերջ… Ամենակարևորը խաղաղություն…»:

Ի՞նչ են ուզել Ձմեռ պապիկից. - «Ոչ մի բան։ Թող ուղղակի հրաշքներ կատարվեն, և մենք բոլորս էլ Աստծուն աղոթում ենք, որպեսզի ճանապարհը շուտ բացվի և մենք բոլորս հասնենք տնեցիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG