Մատչելիության հղումներ

2022-ին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ՀՀ մարզիկները նվաճել են 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

2022 թվականին 19 մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի մարզիկները նվաճել են 307 մեդալ՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե: Այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երեկ տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:

«Նախորդ տարի նվաճած մեդալների քանակը եղել է 199, իսկ մինչ այս մեր լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին՝ 222 մեդալ», - ասել է Գիլոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին «այդ առաքելությունն իրականացնելու համար, որովհետև սպորտը մեզ համար, ինչպես ասել եմ, պետական առաքելություն է»: «Սպորտը մեր պետության, մեր հանրության գործունեության, արտաքին, ներքին քաղաքականության, ծրագրերի և ռազմավարության շարունակությունն է: Մենք ռազմավարական նշանակություն ենք տալիս սպորտին, որովհետև սպորտը պետականության և դրոշի մասին է: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողացել բավարար բարձրության պահել մեր դրոշը, այնտեղ, որտեղ մեր ձեռքից ընկել է մեր դրոշը, դուք այդ դրոշը բարձրացրել եք: Սա ամենակարևոր առաքելությունն է», - հայտարարել է Փաշինյանը:

«Դուք արձագանքում եք մեր քայլերին, մենք արձագանքում ենք ձեր քայլերին, և դրա արդյունքում ստանում ենք համապետական մի արդյունք: Դա մի արդյունք է, որը չի ճանաչում ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, ո՛չ հարուստ, ո՛չ սոցիալապես ոչ այնքան ապահով, որովհետև երբ դուք հաղթում եք, նույնիսկ ամենամոլի ընդդիմադիրները պատրաստ են գրկախառնվել և իրար համբուրել, որովհետև հպարտ են զգում իրենց և երջանիկ: Սա մեր բոլորի ձեռքբերումն է», - ընդգծել է վարչապետը:

«Մենք, իհարկե, մեր ռազմավարական նպատակին պիտի հասնենք. մինչև 2050 թվականը՝ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ, դա նշանակում է, որ 25 կամ կրկնակի չեմպիոններ լինեն. 25 մարզադպրոց՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող, նորագույն գույքով, նորագույն տեխնիկայով: Ուրեմն՝ մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ և ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակ: Սա է մեր ռազմավարական նպատակը, և մենք իրար հետ շարժվում ենք դեպի այդ նպատակը», - վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

10 լավագույն մարզիկներին պարգևները հանձնել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

2022 թվականին Հայաստանի10 լավագույն մարզիկներ են ճանաչվել՝ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Սամվել Գասպարյանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն), Անի Հովսեփյանը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) և Լիլիթ Մկրտչյանը (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ): Նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արթուր Դավթյանին պարգևատրել է Առաջին աստիճանի մեդալով:

XS
SM
MD
LG