Մատչելիության հղումներ

Զախարովա․ «Իսկ առանց ռուս խաղաղապահների ավելի լա՞վ է լինելու»


Ռուսաստանը կրկին հերքում է Երևանից հնչող պնդումները, թե Հայաստանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում ռուս-բելառուսական միությանն անդամակցելու համար։ Այդ մասին նախօրեին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրայինին տված հարցազրույցում։

«Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ առանց փաստեր ներկայացնելու և ուղիղ առարկություններ ներկայացնում կոնկրետ երկրի, խնդրեմ, այդ հայտարարությունները հիմնավորեք փաստերով, ցո՛ւյց տվեք, պատմե՛ք»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, հավելելով՝ ռուս պաշտոնյաներից որևէ մեկը նման որևէ բան չի ասել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է նաև պնդումները, թե Մոսկվան ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։

«Դա կեղծ տեղեկություն է, այդ մասին ևս մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մարիա Զախարովան՝ մեջբերելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների անցած տարվա հայտարարությունը, ըստ որի «հաղորդակցության ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովում քննարկվում են տարբեր ճանապահներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթգծի վերականգմանը վերաբերող հարցեր։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ոչ Երևանի, ոչ Բաքվի կողմից, նշում է, որ այդ երթուղու ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով այն անցնում է»։

Անդրադառնալով Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին Երևանից հնչող մեղադրանքներին՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հակադարձել է․ «Որևէ մեկը պատախանատոււ կերպով կարո՞ղ է ասել՝ առանց ռուսական խաղաղապահ առաքելության ավելի լա՞վ էր լինելու։ Նման հայտարարություններ անելը նշանակում է չհասկանալ՝ ինչ իրավիճակ է գետնի վրա»:

XS
SM
MD
LG