Կես տարի անց՝ 2023 թվականի հունիսի 18-ին, Թուրքիայում պետք է տեղի ունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Թուրքագետները չեն բացառում, որ երկրի ղեկավարները կարող են ընդունել քվեարկության օրը փոխելու որոշում: Ընդ որում, խոսքն ընտրությունները ոչ թե հետաձգելու, այլ ավելի վաղ անցկացնելու հավանականության մասին է: Անկարայում քաղաքական շրջանակներում քննարկվում է ընտրությունները մայիսին կամ նույնիսկ ապրիլին անցկացնելու տարբերակը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերնախավին անհանգստացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօրվա վարկանիշը: Սոցիալական և տնտեսական բարդությունները, վերջին ամիսների աննախադեպ սղաճը, թուրքական ազգային տարադրամի՝ լիրայի արժեզրկումը բացասական դեր են կատարում:
Իշխող կուսակցությունը բնակչությանն անընդհատ հիշեցնում է, որ Էրդողանի օրոք Թուրքիան աշխարհում դարձել է հզոր խաղացոող, որն ակտիվորեն մասնակցում է բոլոր կարևոր միջազգային գործընթացներին և հաճախ վճռական դեր է կատարում, ունի ուժեղ բանակ, որի հետ հաշվի են նստում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպայում ու ամբողջ աշխարհում, ունի կայուն զարգացող տնտեսություն, որի շնորհիվ իր ամուր տեղն է գրավել «Մեծ քսանի» խմբում:
Բայց այդ ամենի հետ մեկտեղ միլիոնավոր շարքային թուրքերի ֆինանսական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով Էրդողանի վարկանիշն անկում է գրանցում, իսկ ընդդիմությանը՝ բարձրանում:
Ընդդիմությունը պնդում է, որ խորհրդարանականից նախագահական իշխանակարգին անցում ապահովող 2017 թվականի սահմանադրական լրամշակումներն Էրդողանին արգելում են երկու անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Նա 2014 և 2018 թվականներին արդեն ընտրվել է:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ իր մեկնաբանությունն է ներկայացնում, պնդելով, թե առաջադրվելու արգելք չկա, քանի որ Սահմանադրության լրամշակումներից հետո նա ընդամենը մեկ անգամ է առաջադրվել և ընտրվել:
Ընդդիմություննը կազմել է «վեց կուսակցությունների դաշինք», որն էլ պետք է մարտահրավեր նետի Էրդողանին: Դրա առանցքային ուժը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է:
Ընդդիմադիրներից հզոր դիրքեր ունի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Ժողովրդա-հանրապետակիան կուսակցությունից: Դեկտեմբերի 14-ին դատարանը նրան դատապարտել է 2 տարվա 7 ամսվա ազատազրկման պետական պաշտոնյաներին վիրավորելու համար:
2019-ին Իմամօղլուն «հիմարներ» է անվանել տեղական ընտրությունների արդյունքները չեղարկած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին: Իմամօղլուն դեռ ունի վճիռը բողոքարկելու իրավունք: Նա առայժմ չի հայտնել հաջորդ տարվա ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:
Մյուս հզոր մրցակիցը հենց այդ կուսակցության առանորջ Քեմ
ալ Քըլըչդարօղլուն է, ով հավատացնում է, թե իր որդու նման սիրում է Իմամօղլուին և համոզված է, որ կուսակցությունը պետք է մեկ թեկնածուով գնա ընտրությունների ու հաղթի առաջին փուլում:
Նա ասել է, թե իշխասնություններն են ասեկոսեներ տարածում իր և Իմամօղլուի միջև իբրև թե առկա հակասությունների մասին:
Էրդողանի հավանական երրորդ մրցակիցը՝ Մանսուր Յավաշը նույնպես Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, նա Անկարայի քաղաքապետն է:
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն էլ է վստահեցնում, որ կհաղթի առաջին փուլում: Սակայն անկախ վերլուծաբանները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երկրորդ փուլ:
Ընտրությունների ժամկետը փոխելու որոշումը կարող են ընդունել կա՛մ խորհրդարանը, կա՛մ նախագահը:
Խորհրդարանում դրա համար անհրաժեշտ է 360 քվե, և իշխող կուասակցությունը միայնակ դա չի ապահովի: Իսկ նախագահը դեռ չի ուզում լուծումն իր վրա վերցնել և իր թիմին հանձնարարել է ուսումնասիրել ու ընտրել լավագույն տարբերակը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընտրությունների հավանական նոր ժամկետը կարող է դառնալ մայիսի 14-ը:
Որոշումը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան քվեարկությունից մեկ ամիս առաջ, ուստի շատ ժամանակ չի մնացել:
Ընդդիմության մարտավարությունն է չհայտնել միացյալ թեկնածունի անունը, քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հրապարակել քվեարկության օրը:
Սակայն ընդդիմությունը չի կարող դա անվերջ ձգձել և հավանաբար մինչև 2023-ի հունվարի վերջ կհայտնի որոշումը, քանի որ հավանական միացյալ թեկնածուն կարճ ժամանակամիջոցում չի կարողանա արդյունավետ նախընտրական արշավ անցկացնել: