Մատչելիության հղումներ

Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի դեմ քաղաքացիների դժգոհության ալիքը չի մարում


Բողոքի ցույցը Ստամբուլում
Բողոքի ցույցը Ստամբուլում

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայի խոշոր քաղաքներում սկսված հակաիշխանական ցույցերը շարունակվել են նաև երեկ՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանը: Ստամբուլի մի շարք թաղամասերում փողոց դուրս եկած ցուցարարները կրկին պահանջել են կառավարության հրաժարականն ու արտահերթ ընտրություններ:

Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնական հրապարակները՝ արգելելով ցուցարարների մուտքը, բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ ջրաշիթեր են կիրառվել, Ստամբուլում 70 հոգի է ձերբակալվել, 4-ն էլ ՝Մերսին քաղաքում:

Իրավապահները նաև ուսումնասիրում են սոցցանցերի շուրջ 300 օգտահաշիվներ՝ հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելու և ցույցեր հրահրելու հիմքով:

Նախագահ Էրդողանի տնտեսական նոր մոդելի քաղաքականությունը արդեն մեկ տարի է աստիճանաբար արժեզրկում է թուրքական լիրան՝ իր հետ բերելով անխուսափելի գնաճ ու քաղաքացիների դժգոհություն: Մարդկանց վրդովմունքը, սակայն, հասավ կիզակետին «սև երեքշաբթի», երբ ազգային արժույթը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 15 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի:

Ընդհանուր առմամբ, անցած մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 40 տոկոսով՝ արձանագրելով վատագույն ցուցանիշը զարգացող երկրների արժույթների շարքում։ Չնայած վերջին երկու օրվա ընթացքում ազգային արժույթը փոքր-ինչ բարելավել է դիրքերը, սակայն քաղաքացիների դժգոհությունը միևնույնն է չի մեղմվում։

Կյանքը թանկացել է, մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ: Երեկ մայրաքաղաք Անկարայի լցակայաններում երկար հերթեր էին գոյացել: Գազի ու բենզինի մոտալուտ թանկացման մասին լսած վարորդները բողոքում էին տնտեսական վատ վիճակից:

«Այսքան մարդ հերթ է կանգնել տնտեսական այս բարդ պայմաններում գոնե 30 լիրա խնայելու համար: Այս պատկերը ցույց է տալիս երկրի տնտեսական վիճակը»:

«Ես 45 տարեկան եմ, իսկ այս իշխանությունը արդեն 20 տարի է երկրի ղեկին է: Ամեն ելույթում հիշատակում էին այն ժամանակվա գազի կամ այլ բաների հերթերը: Հիմա կարծես նոստալգիա ենք ապրում: Կարոտել էինք: Ես այս տարիքի եմ, բայց նման բան չեմ հիշում: Շնորհակալ ենք այս նոստալգիայի համար»:

Վերջին հաշվարկներով, մեկ տարվա կտրվածքով Թուրքիայում գնաճը շուրջ 20 տոկոսի է հասնում: Դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով մի շարք արտասահմանյան ընկերություններ, այդ թվում ամերիկյան Apple-ի առցանց խանութը, Թուրքիայում դադարեցրել են ապրանքների վաճառքը:

Երկրի առաջ ծառացած տնտեսական լուրջ խնդիրներն ու բարձրացող բողոքի ձայները օրակարգ են բերել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Ու չնայած նախագահ Թայիփ Էրդողանը պնդում է, թե ընտրությունները ժամանակից շուտ չեն անցկացվելու, ընդդիմության շարքերում արդեն արտահերթի հնարավոր ժամկետի մասին են խոսում:

Թուրքական Haber Türk-ը գրում է, թե արտահերթ ընտրությունների հավանականությունը նույնիսկ իշխանական կուլիսներում է քննարկվում։ Ըստ լրատվամիջոցի՝ մինչ ընդդիմությունը զանգվածային ցույցեր է ծրագրում՝ նպատակ ունենալով գարնանը արտահերթի հասնել, իշխանությունները հույս ունեն ժամանակ շահել մինչև 2022-ի նոյեմբեր, երբ ճգնաժամը հաղթահարված կլինի։

Հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է կայանան 2023-ի հունիսին։

XS
SM
MD
LG