Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է, և Արցախը զրկված է գազից, Տեղեկատվական շտաբն Արցախի բնակիչներին կոչ է անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ այն համարելով «հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է ցեղասպանության քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միրզոյանը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում, ըստ ԱԳ նախարարի, կբերի աղետի։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Բրյուսելը, Վաշինգտոնը, Փարիզը, Օտտավան, Լոնդոնը Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը։