Տեղական ժամանակով ժամը 7:25 Կիևի մարզում և Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 10 անօդաչու թռչող սարք, իր Տելեգրամ ալիքում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել է «էներգետիկ տեռորի» շարունակություն։
Ռուսաստանը հոկտեմբերից հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով միլիոնավոր մարդիկ մնում են առանց լույսի, ջրի և ջերմության:
Մոսկվան դեռ չի մեկնաբանել Կիևի և շրջանի վրա հարձակումների մասին տեղեկությունները:
Ուկրաինայի մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից երկու վարչական շենք է վնասվել, այսօր հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմը։
Ժիտոմիրի շրջանային ռազմական վարչակազմն էլ զգուշացրել է, որ հնարավոր է անօդաչու սարքերի հարձակումների երկրորդ ալիքը։
Ռուսական կողմը հաղորդում է, որ Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել: