Մատչելիության հղումներ

Պեսկովը բացառել է Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը մինչև տարեվերջ


«Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը բացառվում է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

«Ուկրաինական կողմը պետք է հաշվի առնի այն իրողությունները, որոնք ձևավորվել են այս ամբողջ ընթացքում։ Այս իրողությունները վկայում են, որ Ռուսաստանը նոր սուբյեկտներ ունի։ Դրանք ի հայտ են եկել հանրաքվեների արդյունքում», - հավելել է Դմիտրի Պեսկովը։

Երեկ երեկոյան Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովին Զելենսկին ընդգծել էր, որ այս առաջարկին Մոսկվայի պատասխանը ցույց կտա, թե ինչքանով է ռուսական կողմը պատրաստ իրական բանակցությունների։

Քանի դեռ ռուսներն իր կոչը չեն ընդունել և շարունակում են ռազմական գործողություններն ու խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունները, Զելենսկին Մեծ յոթնյակի պետություններից կրկին խնդրել է Ուկրաինային հրթիռային հրետանի և հեռահար հրթիռներ տրամադրել։

Կիևը միաժամանակ հայտարարում է, թե տեսնում է հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհ և առաջարկում է գումարել Խաղաղության գլոբալ գագաթնաժողով՝ որոշելու համար, թե ինչպես և երբ երկրները կկարողանան իրականացնել խաղաղության ուկրաինական բանաձևը։

Այդ բանաձևը բաղկացած է 10 կետից և ներառում է, ի թիվս այլ դրույթների, Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը։

Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները Զելենսկու խնդրանքին ի պատասխան խոստացել են շարունակել օգնել Ուկրաինային, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության համակարգերով:

Եզրափակիչ փաստաթղթում առաջնորդները նաև նշել են, որ ձգտելու են հնարավորն անել Ռուսաստանի նախագահին պատասխանատվության ենթարկելու համար՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է վճարի պատերազմի պատճառած վնասների գինը:

Թե կոնկրետ ինչ քայլեր են մտադիր ձեռնարկել Մեծ յոթնյակի երկրներն այս ուղղությամբ, հայտարարության մեջ չի նշվում։

Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ընդ որում, այս գիշեր ուժգին պայթյունն են եղել նաև Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինային սահմանակից Բրյանսկի մարզի Կլինցի քաղաքում և Կլիմովո գյուղում։

Հատկապես թեժ է Դոնեցկի մարզում, որտեղ արդեն մի քանի շաբաթ է ընթանում են կատաղի մարտեր։ Ռուսական կողմը հայտարարել է, թե մարզի տարածքի կեսից ավելին իրենց վերահսկողության տակ է։ Արդեն մի քանի շաբաթ անդադար կրակի տակ գտնվող Բախմուտ քաղաքը սակայն ռուսներրին դեռ չի հաջողվում գրավել։

Ուկրաինացի զինվորականները պնդում են, թե ռուսները կարող են ասել է, որ վերցրել են փոստը, երկաթուղային կայարանը կամ ինչ-որ շենքեր, իրականությունը սակայն այլ է․ ուկաինական ուժերը պահում են քաղաքը և ռուսներին չի հաջողվում վերցնել Բախմուտը, որտեղ անվնաս շենք գրեթե չի մնացել։

Մինչդեռ վերջին հարցումները վկայում են, որ ռուսաստանցիների կեսից ավելին համարում է, որ ռազմական գործողությւոնները պետք չէ շարունակել։ Փորձագետները վերապահումով են վերաբերվում Ռուսաստանում անցկացված հարցումներին, այդուամենայնիվ սոցիոոլոգիական երեք կազմակերպությունների՝ այդ թվում Լևադա կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն, ռուսաստանցիների 44- 58 տոկոսը համարում է, որ պետք է վերսկսել բանակցությունները Կիևի հետ։

Գրեթե նույն պատկերները օրերս հրապարակել է նաև «Մեդուզան»՝ նշելով, թե Կրեմլի պատվերով անցկացրած փակ հարցման համաձայն, ռուսաստանցիներ միայն 25 տոկոսն է համարում, որ ռազմական գործողությունները պետք է շարունակել, իսկ 55 տոկոսը համարում է, որ պետք է բանակցություններ սկսել։

XS
SM
MD
LG