Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հաստատեց` թուրքական բանակի գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական: BBC-ն ուսումնասիրել է` ով է նա, ինչ նպատակով է գործուղվել Բաքու և ինչով է աչքի ընկել մինչ այդ:
Թուրք գեներալ Բահթիյար Էրսայը ադրբեջանական զինուժի տեսանյութերում ու պաշտոնական հաղորդագրություններում երևում էր դեռ երկու տարի առաջ. 44-օրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի նախագահը այցելել էր ԶՈՒ օպերատիվ ղեկավարման կենտրոն, լրագրողները առանձնացրել էին թուրք գեներալին Ալիևի առջև ոտքի կանգնողների թվում:
Ամիսներ անց էլ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել էր Բաքու, Բահթիյար Էրսային նկատել էին ոչ թե թուրքական պատվիրակության, այլ` դիմավորողների թվում` ադրբեջանական բանակի հանդերձանքով: Փորձագետներից շատերն էին եզրակացրել` նա գործուղվել է Բաքու` ադրբեջանական բանակին օգնելու նպատակով: Հիմա արդեն այդ ենթադրությունները հաստատվում են պաշտոնապես:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, անցած շաբաթավերջին հաղորդեց, որ թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական: Նույն հաղորդագրության մեջ նշվում էր` թուրք գեներալը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին ու պատմել` ինչ աշխատանքներ է կատարում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար և ինչ բարեփոխումներ է ծրագրում Ադրբեջանի զինված ուժերում:
Հասանովի խորհրդական նշանակվելուց առաջ Էրսայը զինվորական աստիճանի բարձրացում էր ստացել, թե կոնկրետ որ առաջադրանքների համար` պաշտոնական աղբյուրները չէին նշել: Գեներալի մասին հրապարակումներից դատելով` նա հարուստ, դրամատիկ զարգացումներով լի կենսագրություն ունի. BBC-ն, օրինակ, նշում է, որ 2011-ին նա երեսուն ամիս նստել է թուրքական բանտում` պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով, հետո` առայժմ անհայտ հանգամանքներում, վաղաժամ ազատ արձակվել ու վերադարձել բանակ:
Ըստ հաղորդումների, տարիներ առաջ նա էր ղեկավարել Իրաքի հետ սահմանին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ գործողությունները, հետո էլ բարեհաջող կերպով գլուխ բերել Թունիսից հազարավոր թուրքերի տարհանումը` «արաբական գարնան» օրերին: Վերջին տարիներին Էրսայը Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետն էր: Ըստ BBC-ի աղբյուրների, ադրբեջանական բանակում ևս նա զբաղվելու է ցամաքային ուժերի կառուցվածքային բարեփոխումներով:
«Նպատակն է Ադրբեջանի ու Թուրքիայի բանակները բերել միևնույն չափանիշների», - ասել են ադրբեջանցի ռազմական փորձագետները:
Երկու երկրները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, անցած տարի էլ նախագահներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում հռչակագիր էին ստորագրել, որով պարտավորվել էին մեկը մյուսին ռազմական օգնություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի ժամանակ:
«Այդ փաստաթուղթը ռազմական դաշինքի մակարդակի բարձրացրեց թուրք֊ադրբեջանական հարաբերությունները», ֊ BBC-ին ասել է ռազմական փորձագետ, նախկինում Ադրբեջանի ՊՆ աշխատակից Ազատ Իսազադեն:
Վերջինս միաժամանակ փաստել է, որ երկու բանակներից մեկը ՆԱՏՕ֊ի անդամ է, և հարյուրավոր չափորոշիչներ կան, որոնք տարբեր են` մարտավարական հնարքներից մինչև զինվորական ստորաբաժանումների ձևավորում ու ռադիոկապ:
«Էրսայի նշանակման նպատակն է հենց վերացնել այս տարբերությունները», - ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:
BBC-ն, իր հերթին, փաստում է, որ ադրբեջանական բանակի այս բարեփոխումները նշանակություն կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Ադրբեջանը հակամարտության մեջ է Հայաստանի հետ, միաժամանակ, բարդ հարաբերություններ ունի նաև երկու հարևանների` Իրանի ու Ռուսաստանի հետ», - փաստում է BBC-ն, հիշեցնելով, որ վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնածավալ զորավարժություններ էին անցկացրել հենց Իրանի հետ սահմանակից շրջաններում: Այդ վարժանքներին, ի դեպ, մասնակցել էին թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում` գեներալ֊գնդապետ Բահթիյար Էրսայը: