Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին, ասվում է շաբաթ օրը Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։
«Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Առաջարկն ընդունվել է այսօր խորհրդի կողմից գրավոր և կներկայացվի Եվրախորհրդարանին հաջորդ շաբաթ հնարավոր ընդունման համար»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ։
Ուկրաինան կարող է հույս դնել ԵՄ-ի վրա, հավելել է ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարարը:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսապես, քանի դեռ դա կպահանջվի»,- ասել է նա:
Ըստ հաղորդագրության՝ նպատակն է տրամադրել կարճաժամկետ ֆինանսական օգնություն, ֆինանսավորել Ուկրաինայի անմիջական կարիքները, վերակառուցել կարևոր ենթակառուցվածքները: