Մատչելիության հղումներ

Լատվիան չեղարկում է «Դոժդի» արտոնագիրը


Լատվիայում չեղարկվում է ռուսասանյան «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան, այսօր հայտարարել է Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհրդի ղեկավար Իվարս Աբոլինը՝ նշելով՝ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության և հասարակական կարգի սպառնալիքների կապակցությամբ» և ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 8-ին:

Աբոլինշը հավելել է. - «Բոլորը պետք է հարգեն Լատվիայի օրենքները: «Դոժդ» հեռուստաընկերության ղեկավարությունը չի հասկանում և գիտակցում իր թույլ տված խախտումների լրջությունն ու նշանակությունը, այդ պատճառով չի կարող գործել Լատվիայի տարածքում»:

«Դոժդ»-ն այս որոշումը համարել է «անարդար և անհեթեթ»: Հեռուստաալիքը հայտարարել է, որ կշարունակի հեռարձակումը Youtube-ում:

Դեկտեմբերի 2-ին խորհուրդը տուգանել էր «Դոժդ» հեռուստաընկերությանը 10 հազար եվրոյով՝ եթերում ռուսական բանակը «մեր բանակ» անվանելու և Ռուսաստանի այնպիսի քարտեզ օգտագործելու համար, որտեղ բռնակցված Ղրիմը Ռուսաստանի կազմում է:

Նույն օրը Լատվիայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսում «Դոժդի» եթերում հնչած այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք կասկածներ են հարուցում, որ հեռուստաընկերությունը աջակցում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերին Ուկրաինայում:

Դրա նախորդ օրը հաղորդավար Ալեքսեյ Կորոստելյովը եթերում, կոչ անելով հեռուստադիտողներին հայտնել Ռուսաստանում մոբիլիզացիայի խախտումների և պատերազմի հանցագործությունների մասին, հայտարարել էր. - «Մենք հույս ունենք, որ նաև օգնել ենք շատ զինվորների, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների համալրումներով, կամ ուղղակի ռազմաճակատում տարրական հարմարություններով»:

Լատվիայի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրության մեջ նշում է՝ «ագրեսոր Ռուսաստանին որևէ աջակցություն չի կարելի արդարացնել» և հավելում, որ «Ռուսաստանի ուժերին աջակցող ցակնացած ոք ենթակա է քրեական պատասխանատվության»:

«Դոժդ» հեռուստաընկերությունը դադարել է աշխատել Ռուսաստանում մարտի սկզբից՝ լրագրողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու վտանգի պատճառով: Ավելի ուշ հեռուստաընկերությունն աշխատելու թույլտվություն էր ստացել Լատվիայում, որտեղ արգելված են ռուսական պետական հեռուստաալիքները:

XS
SM
MD
LG