Մատչելիության հղումներ

Քաղաքին տոնական տեսք կարելի էր տալ ժամանակակից լուծումներով. ճարտարապետ


Ճարտարապետ Տիգրան Գալստյանը ցույց է տալիս այն վնասները, որ հասցրել է տոնական հարդարանքը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Ալեքսանդր Թամանյանի, Մարկ Գրիգորյանի գրեթե հարյուր տարի առաջ նախագծած, կառուցած շենքերին։

Մշակույթի նախկին փոխնախարարը, որն այս պաշտոնը ստանձնել էր Փաշինյանի իշխանության առաջին տարում, տարակուսում է՝ ի՞նչ է մտածել քաղաքային իշխանությունը, երբ հրապարակի հուշարձան շենքերը մեխերով է պատել։ 21-րդ դարում, Գալստյանի խոսքով, քաղաքին տոնական տեսք կարելի էր տալ օգտագործելով ժամանակակից լուծումներ. - «Կան մեթոդներ, որ կարելի է իրականացնել առանց պատերը քայքայելու, առանց պատերը ծակելու»։

«Վնաս, որպես այդպիսին, չկա հասցված քաղաքին», - հակադարձում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա վստահ է, որ ամանորյա լույսերի տեղադրումը որևէ կերպ չի վնասել շենքերը։ Բացված անցքերն էլ, փոխքաղաքապետի խոսքով, «ողջամիտ ու անհրաժեշտ» միջամտություն էր զարդարանքը տեղադրելու համար։

Ավինյանը չշրջանցեց նախկինների թեման՝ պնդելով, թե իրական վնասը վաղուց է հասցվել. - «Եվ ես չէի ուզենա, որ մենք համեմատեինք այն, ինչ արվել է նախկինում, որը իրականում վնաս է հասցված, և այն կազմակերպչական, մինիմալ միջամտությամբ աշխատանքը նուրբ, որը իրականացրել է քաղաքապետարանը համապատասխան կապալառուի միջոցով, որի այսպես ասած այդ փոքր անցքերի փոսալցման աշխատանքները նույնպես պլանավորված են եղել։ Մենք իրական վնասին, որ էդ շենքերին հասցվել է նախկինում, անպայմանորեն նույնպես անդրադառնալու ենք»։

Տոնական լուսավորությունը տեղադրած «Սինեմարտ» ընկերությունն է վերականգնելու շենքի արտաքին տեսքը՝ անցքերի լցման միջոցով։

Ճարտարապետներ հակադարձում են՝ հուշարձան շենքերին հասցված վնասը ոչ մի ցեփամածիկ չի փակի։ Տիգրան Գալստյանը նույնպես պնդում է, որ ժամանակի ընթացքում այդ ցեփամածիկների գույնը խամրելու է, շենքերը կարկատված են մնալու. - «Տուֆ քարը այնպիսի հատկություն ունի, որ նրա վրա անցքերը վերականգնելը բավականին դժվար է։ Այսինքն՝ եթե տուֆի փոշիով մածուկով պիտի ծածկեն... եթե հրապարակով քայլենք, ճակատներն ուսումնասիրենք, կան նախկինում արված այդպիսի վերականգնումներ, որոնք ժամանակի ընթացքում քայքայվում և պոկվում-ընկնում են։ Հնարավոր է, որ առաջին տարիներին չերևա այդ մածուկի ծածկույթը, որովհետև նույն գույնի փոշուց կանեն, բայց տարիների ընթացքում քայքայվում է ավելի շուտ, քան քարը։ Անցքերը բացվում են, անցքերի մեջ ջուր է լցվում, էդ ջուրը սառում է, և ճաքում է քարը»։

«Կատարվել է հանցագործություն՝ անդառնալի վնասներ են հասցվել ճարտարապետական բացառիկ արժեք ունեցող հուշարձան շենքերին»։ «Ձնծաղիկ հիշեցնող այս վանդալիզմը դեռ մեծ «քաղաքային ջարդի» միայն սկիզբն են ազդարարում»։ Այսպիսի տեքստերով են հայտնի ճարտարապետներն արտահայտել իրենց վրդովմունքը սոցիալական ցանցերում՝ կից հրապարակելով այն լուսանկարը, որտեղ մեխը մխրճված է զարդանախշի մեջ։

Քաղաքային իշխանությունը մանիպուլյացիա է համարում այս լուսանկարը՝ սլաքները նորից ուղղելով նախկիններին։ Երևանի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հստակ մեխանիզմ ունի, թե ինչպես տարբերել որ մեխը որ իշխանության օրոք է հայտնվել հուշարձան շենքի վրա. - «Եթե վրան լուսավորություն կախված ա, ուրեմն կապ ունի, եթե կախված չի, ումենը կապ չունի»։

Այս շենքերի վրա հետքեր կան դեռ խորհրդային տարիներից, նկատում է ճարտարապետ Գալստյանը և հարց հնչեցնում՝ նոր վնասներ ու անցքեր բացելու փոխարեն գուցե արժեր հրաժարվե՞լ հին պրակտիկայից և արդեն իսկ ավերվածը վերականգնել. - «Նույն պրակտիկան շարունակվում է, և հասարակությունը բողոքում է թե' նախկինում արված ծակերի, թե' նոր արված ծակերի դեմ։ Էդ պրակտիկային երևի պետք է վերջ դնել մի օր»։

Բարձրացած աղմուկից մեկ օր անց Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջեց անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող շենքերի նախնական տեսքը վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել հուշարձան շենքերը վնասողներին։

Այսօր հրավիրած ասուլիսում փոխքաղաքապետերն այս պահանջին չարձագանքեցին։ Ասուլիսը բացառապես տոնական միջոցառումներին էր նվիրված։ Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը մոտ մեկ ժամ խոսեցին, բայց չտվեցին ամենաշատը հնչած հարցի պատասխանը՝ ի վերջո քաղաքային իշխանությունը որքա՞ն գումար է ծախսել տոնական օրերի միջոցառումների վրա։ Հրապարակված պայմանագրերից դատելով՝ ծախսերը արդեն գերազանցում են 1 միլիոն դոլարը։ Գրեթե կեսը հատկացվել է տոնական լուսավորությանը։

XS
SM
MD
LG