Քաղաքապետարանն արդեն առնվազն 650 հազար դոլար է ծախսել Երևանի ամանորյա տեսքի վրա՝ տոնածառների տեղադրման, ձևավորումների ու լուսավորության համար։
Տոնական եռուզեռը սկսված է. Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառն է տեղադրվում, զարդարվում է նաև ամբողջ հարակից տարածքը։ Նման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ևս։ Քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնում է՝ այս կամ այն փողոցը որոշ ժամանակով փակ է լինելու աշխատանքներով պայմանավորված։
Իսկ պե՞տք էր այսչափ ճոխություն. քաղաքացիների կարծիքները տարբեր են. «Իհարկե, կուզեի, ի՞նչ է, պետք է միշտ տխրության մեջ ապրենք, թող լինի, մանավանդ որ մեր թոռնիկների համար է»:
«Բավական գեղեցիկ է ստացվել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Եվրատեսիլ ենք հյուրընկալելու՝ կարծում եմ՝ պետք է մի փոքր պատշաճ գեղեցիկ ներկայացնել մեր քաղաքը»:
Հնչեցին նաև այլ տեսակետներ. «Երկրի դրությունը թույլ չի տալիս, որ ճոխություններ թույլ տանք մեզ: Քաղաքի ճոխություններն էլ ժողովրդի գրպանից ա գնում էլի»:
Քաղաքը զարդարելու համար ընդհանուր 650 հազար դոլար արժողությամբ պայմանագրերը մեկ անձից գնումների ընթացակարգով են կնքվել՝ այսինքն առանց մրցույթի։ Մասնագետները կես կատակ-կես լուրջ ասում են՝ մի՞թե նորություն է, որ տոներն են մոտենում, ի՞նչն էր խանգարում նախապես մրցույթ հայտարարել, առաջարկներ ստանալ, ընտրել լավագույն տարբերակը, հետո նոր միայն հարյուր հազարավոր դոլարներ տրամադրել։
Այսպես, մեկ անձից գնման ընթացակարգով գումարի առյուծի բաժինը՝ 191 միլիոն դրամը, հատկացվել է «Սինեմարտ» ընկերությանը՝ խոստացված լայնամասշտաբ տոնական լուսավորության համար։ Մեկ անձից գնմամբ տարբեր ընկերությունների գումարներ են հատկացվել նաև Երևանի վարչական շրջանները զարդարելու համար։
Էլեկտրոնային գնումների պաշտոնական հարթակում մի շարք թաղամասերի ձևավորման համար կնքված պայմանագրերը դեռ հասանելի չեն, այսինքն՝ հնարավոր է 650 հազար դոլարից էլ ավելի շատ գումար ծախսվի։
Առանց մրցույթի գնումները կատարվում են ժամանակի սղության կամ անհետաձգելի կարիքների պարագայում։ Օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս այս եղանակով գնումներ կատարել նաև այն դեպքում, երբ գնվող ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից։ Այս դրույթն, օրինակ, վերաբերում է կոմունալ ծառայություններին՝ գազին, ջրին, հոսանքին։
2019-ին, սակայն, կառավարությունը որոշեց նաև մշակութային միջոցառումների համար թույլատրել մեկ անձից գնումները։ Երևանի քաղաքապետարանն այժմ հենց այս դրույթին հղում անելով է հիմնավորում առանց մրցույթի գնումները:
«Կան լուրջ ռիսկեր, ինչումն է խնդիրը, որ գնման առարկան կարելի է ձևակերպել այնպես, որ ասել՝ գիտեք՝ այս բանը կարող է անել միայն այս ընկերությունը, եթե այնպես է ձևակերպված, որ այդ միջոցառման պարամետրերը հարմարեցված են մի ընկերության առաջարկածի հետ, սա բնականաբար կոռուպցիոն ռիսկ է», - ասում է պետական համակարգում կոռուպցիան ուսումնասիրող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ 2019-ին ընդունված դրույթը միայն հաշվի առնելով կարելի է պնդել՝ սա նահանջ է ազատ, մրցակցային համակարգ ունենալու ճանապարհից:
«Այստեղ մենք հենց այդ իրավիճակն ունենք, որ շատ հաճախ է լինում, երբ որոշակի հիմնավոր պատճառներով մտցվում է այդպիսի դրույթ, բայց հետո պարզվում է, որ այդ հիմնավոր պատճառով մտցված դրույթը ավելի շատ չարաշահվում է: Այ սա պետք է հասկանալ, իսկապես որևէ այլ ընկերություն ի վիճակի չէ այդ միջոցառումը կազմակերպել, թեկուզ ոչ այն պարամետրերով, ինչ որ գնման առարկայի բնութագրում է տրված, այլ պարամետրերով»:
Գնումների համակարգում բարեփոխումներն իշխանությունների խոստումներից են։ 2019-ին վարչապետ Փաշինյանն ասում էր՝ իրենց նպատակը համակարգը ճկուն դարձնելն է, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը և զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից։
Ինչպե՞ս կարող է մրցակցություն լինել, երբ պատկան մարմինները հաճախ առանց մրցույթների գնումներ են կատարում։ Էլեկտրոնային գնումների պաշտոնական հարթակի տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանն այս տարի արդեն 3710 գնման պայմանագիր է կնքել, դրանց ավելի քան տասը տոկոսը եղել է մեկ անձից։
«Արվում են այնպիսի գնումներ, որոնք կարելի էր և մեկ անձով չանել, այ խնդիրը հենց սրանում է», - նկատում է Հոկտանյանը:
Ինչո՞ւ նախօրոք մրցույթներ չեն հայտարարվում. քաղաքապետարանը այս հարցի պատասխանը դեռ չի տալիս, խոստացել են ավելի ուշ անդրադառնալ տոնական ծախսերին ու միջոցառումներին: Մայրաքաղաքում տոներին սովորականից շատ ավելի վաղ են սկսել պատրաստվել, որպեսզի մինչ դեկտեմբերի 11-ին կայանալիք մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը քաղաքն ամբողջությամբ զարդարված լինի։
Գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 5-ին: