Մատչելիության հղումներ

Երեկվա դեպքերով բժշկական կենտրոններ դիմած 60 անձանցից 50-ն առավոտյան դուրս է գրվել


Բախում Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև, 3-ը հունիսի, 2022թ․
Բախում Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև, 3-ը հունիսի, 2022թ․

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ, 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է նախարարությունը:

Անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերով հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ։

Արցախի հարցով հայտարարության ընդունման համար ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը երեկ իշխանության ջանքերով տապալվեց։ Ընդդիմադիրները պահանջում էին հայտարարության տեսքով արձանագրել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Իշխանությունը ընդդիմադիրների նախաձեռնությունը «կեղծ գործընթաց», քաղաքական շանտաժ էր որակել։ Դեռ անցած շաբաթ էին հրապարակել խմբակցության որոշումը՝ չեն մասնակցի նիստին։

Ընդդիմադիրներն էլ երեկ նախ հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում, ապա՝ կառավարության շենքի մոտ, երկու ժամով շրջափակեցին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, հետո շարժվեցին կառավարական ամառանոցի մոտ, որտեղ պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և լսի իրենց պահանջները: Ոստիկանությունն այստեղ մեծ ուժեր էր կենտրոնացրել։ Իրավիճակը լարվեց, բախումներ եղան, ոստիկանները հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեցին։

XS
SM
MD
LG