Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ժամանում է Երևան


Երևան է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

Տարածաշրջանում Ռիքերի առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ պաշտոնյան հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ։

«Պետքարտուղար Թոնի Բլինքենը հավատում է խաղաղության հեռանկարին և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան վերադառնալ, քանի որ աշխարհագրությունը կարևոր է։ Բաքվից ես ուղևորվում եմ Թբիլիսի ու Երևան, որտեղ հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը։ Մենք գիտենք, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառեր բոլոր կողմերին տարիների ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Ես տեսել եմ իրական, խիզախ քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի», - ասել է Ռիքերը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանտունը դեռ չի հրապարակել Ռիքերի հանդիպումների օրակարգը, իսկ Ադրբեջանում նրան ընդունել են երկրի նախագահը, արտգործնախարարը, քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի և միաժամանակ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ռիքերը նշանակվել է այս տարվա օգոստոսին, ինչի առիթով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։

Բաքվի արձագանքը չէր ուշացել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է» ու սպառնացել որ Մինսկի խմբի «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։

Այս հայտարարությունից հետո Ադբեջանի նախագահն այնուամեյնանիվ Ռիքերին ընդունել էր նախ սեպտեմբերին, ապա հիմա՝ նոյեմբերին, միայն թե Բաքուն շեշտում է, որ նա Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է և բաց է թողնում միաժամանակ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը։

Ռիքերի տարածաշրջան այցի ֆոնին, երբ Վաշինգտոնը հորդորում է հաջորդ բանակցությունների օր նշանակել, առայժմ հստակ չէ կկայանա, թե ոչ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշյինյան-Ալիև հանդիպումը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հանդիպումը չի կայանա, եթե դրան մասնակցի, նրա բնորորշմամբ, կողմնակալ դիրքորոշում ունեցող Ֆրանսիայի նախագահը, Երևանը մինչդեռ խոսում է հանդիպմանը մասնակցելու պատրաստակամությունից՝ կողմ արտահայտվելով քառակողմ ֆորմատին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG