Հայաստանը պատրաստակամ է նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը, երեկ Ֆրանսիայում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն աշխատանքային այցով է Փարիզում։ Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Ընդգծելով վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պայմանավորվել են շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։
Ֆրանսիան բազմիցս հայտարարել է, որ լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելուն։