Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին նոր հաղորդումը


Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության նոր հաղորդումը:

«Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր հաղորդել է նաև, թե կեսգիշերից րոպեներ անց Հայաստանի Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Դաշքեսանի շրջանի ուղղությամբ, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է՝ շեշտելով, որ գիշերը սահմանին ադրբեջանական զինուժն է խախտել հրադադարը:

Բաքուն այսօրվա մեկ այլ հաղորդագրությունում պնդում է, թե Պաշտպանության բանակի հետախուզական անօդաչու թռչող սարք՝ քվադրոքոփթեր է վնասազերծել և առգրավել, ինչին Արցախի պաշտպանական գերատեսչությունը դեռ չի արձագանքել:

Երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում հաղորդում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի երեք խախտում, սակայն չի հստակեցնում, թե որ կողմից. նշված է միայն, որ տվյալ փաստերով խաղաղապահները քննություն են իրականացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ:

XS
SM
MD
LG