Մատչելիության հղումներ

Կիևի 70 տոկոսը շարունակում է հոսանքազրկված մնալ


Ուկրաինա - Հոսանքազրկված Կիևը, 23-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Հոսանքազրկված Կիևը, 23-ը նոյեմբերի, 2022թ.

Ուկրաինայի իշխանությունների տեղեկություններով՝ ռուսական բանակի կողմից երկրի էներգետիկ ենթակառույցներին նախօրեին հասցված զանգվածային հարվածներից հետո մայրաքաղաք Կիևի տարածքի 70 տոկոսը շարունակում է հոսանքազրկված մնալ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Կիևի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ մասամբ հնարավոր է եղել վերականգնել քաղաքի ջրամատակարարումը։ «Առավոտյան ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է Կիևի այն հատվածում,որ գտնվում է Դնեպրի ձախ ափին։Մայրաքաղաքի մյուս հատվածներում ջրամատակարարումը կվերականգնվի օրվա ընթացքում», - նշել է Կլիչկոն։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան հաջողվել է վերականգնել Լվովի էներգամատակարարումը։ «Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Օդեսայի մարզերի մի շարք շրջաններ, սակայն, շարունակում են հոսանքազրկված մնալ, իրադրությունը բավական բարդ է», - հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։ Գերատեսչության պաշտոնյաները, այդուհանդերձ, հույս ունեն, որ իրադրությունը կբարելավվի օրվա ընթացքում, երբ երկրի միասնական էներգահամակարգին կրկին միացվեն Ռովնոյի, Խմելնիցկու և Հարավուկրաինական ատոմակայանները

Ուկրաինական աղբյուրների պնդմամբ՝ էներգետիկ ենթակառույցներին հասցվող ռուսական հարվածների հետևանքով հոկտեմբերի 10-ից ի վեր տուժել է դրանց մոտ 50 տոկոսը։

XS
SM
MD
LG