Մատչելիության հղումներ

Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին


Հույս ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշեց, որ այսօրվա հանդիպմանը կքննարկեն երկու հարևան երկրների հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։

«Մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի հայ-ադրբեջանական համալիր կարգավորման ջանքերի ամրապնդմանն առնչվող հարցերին։ Դա բնականաբար սուր հարց է, որ մեր ուշադրության կարիքն ունի», - նշեց Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները լավ հիմք են հետագա հիմնարար հարցերի լուծման համար:

«Կարևոր էր, որ համատեղ հայտարարությունում բարձր մակարդակով վերահաստատվեց հավատարմությունը եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև մեր համատեղ ֆորմատի առանցքային դերին՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Միայն այդ պայմանավորվածությունները հետևողական կատարելու դեպքում՝ սահմանների դելիմիտացիայի, տրանսպորտային ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման դեպքում կարելի է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Հույս ունենք, որ դա ի վերջո թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը Երևանի և Բաքվի միջև»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահ Պուտինը Երևանում նաև առանձին հանդիպում կունենա վարչապետ Փաշինյանի հետ։ ՌԴ նախագահն ասաց, որ իր թվարկած հարցերը նաև Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կքննարկեն։

Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ ռազմական կառույցում դրական զարգացումներից բացի, գրանցվել են թերացումներ, որոնց մասին խոստացավ ավելի մանրամասն խոսել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ փակ հանդիպմանը։

Պուտինը Հայաստան է ժամանել այսօր՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին:

XS
SM
MD
LG