«Պուտինի երևանյան այցի դեմ բողոքող հայերն ինձ հիշեցնում են 1990 թվականին Գորբաչովի Վիլնյուս կատարած այցի դեմ բողոքող լիտվացիներին», - Թվիթերում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
«Այդ օրը մեզանից հազարավորները ցույց տվեցին, որ դրոշները, պաստառներն ու երգերը կարող են վանել բռնապետերին, ովքեր փորձում են խլել մեր ազատությունը», - մասնավորապես գրել է Լանդսբերգիսը:
Պուտինի այցի դեմ Երևանում երեկվանից բողոքի ակցիաներ են անցկացվում նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով։ Պարոնյան փողոցից բերման էին ենթարկվել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու նրա 3 կուսակիցները։ Խզմալայնն «Ազատությանն» հայտնեց, որ ոստիկանները տեսնելով իրենց պաստառները՝ բերման ենթարկեցին իրենց։ Նրանք երեք ժամ անց ազատ են արձակվել։