Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելութը սկսեց հերթական անգամ քննադատելով ռազմական այս կառույցի գործունեությունը։
Ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը չաջակցեց Հայաստանին՝ Փաշինյանը շեշտեց՝ մինչդեռ Հայաստանը մեկ գիշերում աջակցեց Ղազախստանին, որը թույլ տվեց Աստանային խուսափել միջպետական քաոսից։
«Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեև հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենևին էլ հոբելյանական չէր։ Երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և փաստացի մինչև հիմա մենք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին», - ասաց Հայաստանի վարչապետը՝ սա համարելով ՀԱՊԿ-ի ամենամեծ անհաջողությունը։
Այժմ ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։
Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է: Այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է։