Մատչելիության հղումներ

Ղազախստանում նախագահ են ընտրում


Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են:

Ընտրողները քվեարկելու իրավունք ունեն մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ը, որից հետո ընտրատեղամասերում կսկսվի ձայների հաշվարկը։

Նախագահի թեկնածուները վեցն են: Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից բացի, նախագահի պաշտոնի համար պայքարում են Նուրլան Աուեսբաևը (ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Մեյրամ Կաժիկենը «Ամանաթ» արհմիությունների միությունից, Ժիգուլի Դաիրաբաևը «Աույլ» կուսակցությունից, Կարակաթ Աբդեն սոցիալական աշխատողների դաշինքից, Սալթանատ Տուրսինբեկովան «Ղազախ մայրեր, ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից:

Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ 7 տարի ժամկետով։

Ընտրական օրենսդրությունը չի նախատեսում քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսային նվազագույն ցուցիչ: 2019 թվականի նախորդ նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 77,4 տոկոս։

Ղազախստանի բնակչությունը գերազանցում է 19,6 միլիոնը։ Ընտրելու իրավունք ունի 11 մլն 950 հազար 485 քաղաքացի։

Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ հանդես էր եկել գործող նախագահ Տոկաևը սեպտեմբերի 1-ին` իր այդ քայլը պատճառաբանելով երկրի քաղաքական համակարգի հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությամբ։

Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հարցով այս տարվա հունիսին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքներով երկիրը սուպերնախագահական կառավարման ձևից անցնում է ուժեղ խորհրդարանական կառավարման համակարգի:

XS
SM
MD
LG