Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 18-ին կմեկնի Հնդկաստան՝ մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:
Գրիգորյանը Նյու Դելի է մեկնում Հնդկաստանի Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով։
Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ։
Ուղիղ մեկ ամիս առաջ աշխատանքային այցով Հնդկաստանում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել էր համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
Սեպտեմբերի վերջին Հնդկաստանում լույս տեսնող Economic Times-ը հաղորդել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարելու Երևանին: