Մատչելիության հղումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ։

Ըստ գործադիրի, Բլինքենը Վաշինգտոնի պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել էին Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների Սոչիի հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Պաշտոնական Երևանը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ օրակարգով էր Խովաևը Հայաստանում, արդյո՞ք քննարկվել է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, թե՞ նոր առաջարկներ է բերել։

«Իգոր Խովաևի այցի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը հանդիպման արդյունքներով տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ամբողջությամբ նկարագրված են քննարկումները։ Դրան հավելելու բան այս պահի դրությամբ չկա», - «Ազատությանն» ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Արդյո՞ք առաջիկայում սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի արտոգործնախարաների կամ առաջնորդները հանդիպում։ Հունանյանը ասաց, թե նման հանդիպումների դեպքում ԱԳՆ-ն տեղեկացնում է։

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Ի՞նչ է նշանակում Վաշինգտոնի ու Մոսկվայի ակտիվությունը, հատկապես Սոչիի հանդիպումից հետո Բաքվի և Երևանի կոշտացած հռետորաբանության ֆոնին։ Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, ամերիկյան ու ռուսական կողմերի ակտիվությունը ցույց է տալիս մրցակցությունը խաղաղության պայմանագրի առաջարկվող տարբերակների շուրջ. - «Խնդիրը տարբերակնների ընտրության միջև չէ, պատկերացնել, թե այնտեղ 2 բաժակ է՝ մեկը շաքարավազով, մյուսը մանանեխով, և պետք է միայն ընտրել դրանցից մեկը։ Ոչ։ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Դա կարող է նախագծերի համդրություն լինել, դա կարող է 3-րդ տարբերակ լինել։ Ավելի շուտ ոչ մի նախագիծ էլ չի ընդունվի։ Տարբեր նախագծերում տարբեր բաներ կարող են լինել, որոնք քիչ թե շատ ընդունելի կլինեն Հայաստանի համար։ Խնդիրն այն է, որ այն ընդունելի լինի Ադրբեջանի համար նույնպես»։

Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ, և ամենաբարձր մակարդակով է հայտարարել, որ պաշտպանում է ռուսական առաջարկները։ Վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ՝ շրջանակային համաձայնագիրը։ Նաև հավելել էր, որ Երևանը Վաշինգտոնում իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։

Հայաստանի անվտանգության խորրհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Սիվիլնեթին տված հարցազրույցում հայտարարել էր Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների ու Երևանի պատասխան-առաջարկներով ձևավորված փաստաթղթի մասին։

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

Արդյո՞ք դեռ ռուսական առաջարկները ուժի մեջ են, թե ոչ, Գրիգորյանից հետաքրքվել էր լրագրողը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ պատասխան չէր տվել. - «Մեծ հաշվով այդ առաջարկությունները համահունչ են նաև այս ընթացող գործընթացներին։ Այսինքն՝ այդ տեքստերը մեծ հաշվով, գլոբալ հաշվով, որոշակի նյուանսներ եթե բան չանենք, փոխկապալցված են իրար հետ»։

Ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների ընթացքում քննարկվող բոլոր փաստաթղթերում էլ անդրադարձ կա գերիների վերադարձին, ապաշրջափակմանը, դեմարկացիային ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG