Մատչելիության հղումներ

Բալիում աշխատանքներն սկսեց Մեծ քսանյակի գագաթնաժողովը


Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ողջունում է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բալի ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 14-ը նոյեմբերի, 2022թ.
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ողջունում է G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բալի ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, 14-ը նոյեմբերի, 2022թ.

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր Բալիում բացել է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը՝ համաշխարհային առաջնորդներին ուղղված իր խոսքում հայտարարելով, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի:

«Եթե պատերազմը չավարտվի, մեզ համար դժվար կլինի առաջ շարժվել: Մենք չպետք է աշխարհը մասերի բաժանենք», - ասել է նա։

«Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհը հայտնվի նոր «սառը պատերազմի» մեջ», - հորդորել է Ինդոնեզիայի ղեկավարը, որը նախագահում է G20-ը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեսաուղերձով դիմելով արդյունաբերական զարգացած երկրների առաջնորդներին, ովքեր հավաքվել են Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովում, կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմը։

«Համոզված եմ՝ այժմ ժամանակն է, որ ռուսական ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի «արդարացիորեն և ՄԱԿ-ի Կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա»։

Զելենսկին պնդել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը և հաստատի տարածքային ամբողջականությունը։

XS
SM
MD
LG