Մատչելիության հղումներ

G20-ի Բալիի գագաթնաժողովին Պուտինն ու Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն առցանց


Ուկրաինայի նախագահը մտադիր է նոյեմբերի 15-16-ը մասնակցել Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, սակայն, ամենայն հավանականությամբ՝ առցանց ձևաչափով, ասել է Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ չի գնա G20-ի գագաթնաժողովին՝ եթե այնտեղ ներկա լինի Ռուսաստանի նախագահը։ Պուտինի մասնակցության մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր ասել է, որ Ռուսաստանի ղեկավարը ևս ամենայն հավանականությամբ կմասնակցի հեռավար։

Ֆրանսիայի նախագահը ավելի վաղ հայտարարել է, թե ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Մակրոնը հորդորել է Կիևին ու Մոսկվային արմատական նախապայմաններ չդնել՝ միաժամանակ ընդգծելով, որ բանակցությունների գնալու հարցում նախ Կիևը պետք է որոշում կայացնի. - «Ուկրաինան պետք է որոշի պայմաններն ու ժամանակը, երբ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց ինչ-որ պահի դա պետք է տեղի ունենա: Հիմա վաղ է խոսել արմատական պայմանների մասին, բայց ես անձամբ համոզված եմ, որ ինչ-որ պահի հարկ կլինի վերադառնալ բանակցություններին»։

Կողմերն արդեն շուրջ կես տարի է հրապարակավ չեն հանդիպել. բանակցությունները դադարեցվել են մայիսին։ Ավելին, անցած ամիս Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ մտցնելուց հետո Ուկրաինայի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով արգելվում են բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ այդ երկրում Վլադիմիր Պուտինն է նախագահում:

Մոսկվան էլ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, բայց պատրաստ չէ քննարկել բռնակցված տարածքների ճակատագիրը։

Washington Post-ը օրերս գրել էր, որ Միացյալ Նահանգները խնդրել է նախագահ Զելենսկուն հրապարակավ հայտարարել, որ պատրաստ է գնալ խաղաղության: Արձագանքելով այդ հրապարակմանը` Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երեկ հայտարարել է, որ Կիևը երբեք չի հրաժարվել բանակցություններից, սակայն դրանից առաջ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից։

«Պատրա՞ստ է Պուտինը, ակնհայտորեն ոչ: Հետևաբար, մենք կառուցողական ենք մեր գնահատականում. մենք կխոսենք Ռուսաստանի հաջորդ առաջնորդի հետ», - գրել է Պոդոլյակը Twitter-ում:

Թեև պատերազմի մեկնարկից շաբաթներ անց Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինը չպետք է մնա իշխանության, երեկ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է` Վաշինգտոնը չի ձգտում Ռուսաստանում իշխանափոխության:

«Միացյալ Նահանգների նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները արդար խաղաղությամբ, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա և հաշվի կառնի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները», - ասել է Նեդ Փրայսը։

Ավելի վաղ ամերիկյան մամուլը հաղորդել էր, թե վերջերս Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններ են կայացել: Երեկ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հաստատել է այդ լուրերը՝ պնդելով, թե փորձում են բաց պահել շփման հնարավորությունը. - «Մենք Բայդենի վարչակազմում ռիսկերը նվազեցնելու, միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին նախազգուշացնելու համար բարձր մակարդակներում ռուսների հետ շփվելու հնարավորություն ենք ունեցել: Ավելին չեմ կարող ասել»:

Իտալական La Repubblica-ն, իր հերթին, հղում անելով ՆԱՏՕ-ի աղբյուրներին, երեկ գրել էր, թե Ուկրաինան ևս կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Խերսոնը ազատագրելուց հետո:

Խերսոնում մինչդեռ իրավիճակը մնում է բարդ։ Ռուսական ադմինիստրացիայի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովի խոսքով, զանգվածային տարհանումը Դնեպրի աջ ափից ավարտվել է։ Փորձագետները նշում են, թե ռուսական կողմը բռնի տեղահանում է մարդկանց` պատրաստվելով թեժ մարտերի:

«Կարծում եմ, առաջիկա շաբաթների, գուցե նույնիսկ օրերի ընթացքում իրավիճակը պարզ կլինի. կա՛մ մոտ ապագայում կազատագրվի Նիկոլաևը, կա՛մ Խերսոնը, որն այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է», - հայտարարել է Ստրեմուսովը։

Նա հավանաբար խոսում է ոչ թե Խերսոն քաղաքի, այլ մարզի մասին, որի միայն մի մասն է ռուսների վերահսկողության տակ։

Ի դեպ, թեև ռուսական իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե հաջողությամբ են հաղթահարում արևմտյան աննախադեպ կոշտ պատժամիջոցները, պաշտոնական տվյալները այլ բան են վկայում։ Այսպես, այս տարվա ութ ամիսներին Ռուսաստան է ժամանել 444 հազար միգրանտ, իսկ հեռացել 506 հազարը։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 62,5 հազար մարդ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG