Մատչելիության հղումներ

Որդուն պատերազմում կորցրած մայրը որոշել է հյուրատուն բացել Բնունիսում՝ իրականացնելու նրա երազանքը


44-օրյա պատերազմում զոհված Էդգար Մարգարյանի մայրը՝ Արսինե Սահակյանը որդուն կորցնելուց հետո գրեթե ամեն շաբաթ մարտական դիրքեր է գնում։ Մյուս զինվորներից է փորձում իր էդգարի կարոտն առնել։

«Ամեն մեկի մեջ ինչ որ մի բան գտնում եմ էդգարից։ Ինձ մոտ նենց տպավորություն է, ոնց որ ես Էդգարի հետ գնամ, շփվեմ», - ասում է նա:

Վերջին այցի ժամանակ տղաների համար տապակած կարտոֆիլ է պատրաստել. «Տղաներից մեկը ասաց՝ կթողե՞ք, ես կտրատեմ կարտոֆիլը, որովհետև հասկացա, որ ինքը ուզում է, որ իրա ձևով լինի էդ ժարիտ արած կարտոշկան, ինքը կտրատեց, մենք միասին, նստեցինք ճաշեցինք», - պատմում է Էդգարի մայրը:

44-ամյա կինը որդու կորստից հետո թողել է մայրաքաղաքի աղմուկը, Սյունիքի Բնունիս գյուղում մի կիսավեր տուն գնել և սկսել կառուցել Էդգարի երազանքի տունը, որը պետք է նաև հյուրատուն դառնա՝ աշխատատեղ Բնունիսի բնակիչների համար։

Սոցիալական ձեռներեցության ծրագրով Արսինեն տան սենյակներից մեկը կարի արհեստանոցի է վերածել, որտեղ գյուղի կանայք պետք է կար ու ձև սովորեն ու արտադրանք տան. «Գյուղում էս պահի դրությամբ երկու կին են պատրաստկամ, բայց ես վստահ եմ, որ էլի ցանկացողներ կլինեն, որ գյուղը չլքելով իրենց տան մոտ կգան և գումար կաշխատեն», - ասում է նա:

Տան մի անկյունում խնամքով դասավորված են Էդգարի լուսանկարներն ու անձնական իրերը։ Մեկ տարի ութ ամսվա ծառայող էր, երբ քսանամյակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց պատերազմը։ Երկու օր հետո Արցախ է շտապել նաև մայրը:

«Գնացել էի զինվորի համար հաց թխելու ու մտածում էի, որ էդ հացը անպայման հասնում է զինվորին ու հետո որ իմացա՝ էդ մեքենան Հադրութ է գնում, ամեն րոպե, ամեն հաց ուղարկելուց հարցնում էի վարորդին՝ ասում էի Հադրութ գնացել ես չէ՞», - պատմում է Արսինե Սահակյանը:

Վերջին անգամ որդու հետ խոսել է սեպտեմբերի 29-ին. «Ես իրեն ընդամենը ավելի շատ դուխ եմ տվել, ոգևորել եմ ու ասել եմ՝ հիշի, որ մենք քեզ տանը սպասում ենք։ Ինքն էլ ասաց՝ լավ, մամ ջան, ամեն ինչ լավ է, չմտածես, դու չզանգես, ես կզանգեմ։ Ու ես չզանգեցի…. Չզանգեցի՝ մտածելով, որ չվնասեմ հանկարծ իրեն»:

Ֆիզուլիի Կարախանբեյլի գյուղում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական արկից տղայի զոհվելու լուրը Արսինեն միայն երեք օր հետո է իմացել։ Չի հիշում, թե ինչպես է Արցախից Երևան հասել, հետո սկսվել է տանջալից սպասումը։ Էդգարի մարմինը մինչև հոկտեմբերի 28-ը մնացել է Կարախանբեյլիի մատույցներում. «Հոկտեմբերի 28-ին Էդգարի մարմինը հանեցին «Վարդանանք» ջոկատի հերոս տղաները, որոնք հիմա էլ զոհվեցին…Սեպտեմբերի 13-14-ին Ջերմուկում մղվող մարտերում զոհվեցին Մանվելը, Աշոտը, Սուսանը, Արմոն…»:

Արսինեն որդուն միայն երեք ամիս անց՝ հունվարի 19-ին է կարողացել հուղարկավորել ԴՆԹ երկարատև նույնականացումից հետո։ Դիահերձարանների պատերի տակ անցկացրած մղձավանջային ամիսներից հետո իր մեջ ուժ է գտել, որոշել իրականացնել որդու երազանքը։ Էդգարը շատ էր սիրում գյուղն ու կենդանիներին, երազում էր գյուղում տուն ունենալ, ասում է մայրը. «Ինքը սիրում էր գնար, կովերի մոտ նկարվեր, գնար սար, գնար հողամաս, ծառ կտրեր, միրգ հավաքեր։ Էդ գյուղական ամեն ինչին ինքը ուզում էր պարտադիր ներգրավված լիներ, ու հիմա իր փոխարեն անում եմ ես, բայց իր ուժով ու կամեցողությամբ»։

Տնամերձում Արսինեն հոր հետ կարտոֆիլ, ելակ, բրոկոլի և լոբու 4 տեսակ է մշակել։ Արդեն հասցրել են հավաքել և պահեստավորել բերքը։ Բնունիսի տաք արևն ու հարուստ հողը Արսինեին հաջորդ տարում նոր մշակաբույսեր աճեցնելու մտքեր են տալիս:

Նախատեսում է մինչև ամառ ավարտել Էդգարի տան շինարարությունը։ Նպատակ ունի Սյունիքում զարգացնել գյուղական զբոսաշրջությունը։ Ուզում է հարազատ Բնունիսի դատարկված տները մշտական բնակիչներով տեսնել. «Տներ կան, որոնք մշտաբնակ չեն։ Օրինակ՝ էս տունը (ցույց է տալիս տները-խմբ.) ամռանն են գալիս, էն կողքի տունը ամռանն են գալիս։ Ու էդպիսի տներ շատ կան: Ու ես վստահ եմ, որ օրերից մի օր մարդիկ բոլորը կվերադառնան իրենց տները, ու էդ դատարկ տները կլցվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG