Մատչելիության հղումներ

Իրավապահները 2 տարի է քննում են Արարատ Միրզոյանի դաժան ծեծի գործը


Արարատ Միրզոյանի դաժան ծեծի գործը մոտ երկու տարի է Ազգային անվտանգության ծառայության քննիչների սեղանին է։ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը մի խումբ քաղաքացիներ մայրաքաղաքում հարձակվել էին այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանի վրա, ծեծել նրան։

Չնայած կա 6 մեղադրյալ, բայց իրավապահները քննության ավարտին դեռ չեն հասել։ Գլխավոր դատախազությունից հայտնում են միայն, որ նախաքննությունը շարունակվում է։

Հայտնի չէ, թե գործը երբ դատարան կուղարկվի։ Իրավապահները չեն հրապարակում մեղադրյալների տվյալները։ Այսօր գլխավոր դատախազությունը հրապարակեց միայն նրանց վերագրվող հոդվածները՝ բռնություն, բռնությանը հանցակցել։ Իսկ թե ընդունում են նրանք մեղադրանքը, դատախազությունը չի մանրամասնում։

«Ազատությանը» հայտնի է միայն մեկ մեղադրյալի անունը։ Նա Արմավիրի մարզի 31-ամյա բնակիչ Ժիրիկ Սիրեկանյանն է, որը մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը փոխանցեց, որ անցած մեկ տարում որևէ քննչական գործողություն չեն արել։ Ըստ փաստաբանի, թեև եռակողմ հայտարարության մասին վարչապետ Փաշինյանի ֆեսյբուքյան գրառումից հետո, տեղեկանալով մայրաքաղաքում կատարվողի մասին, իր պաշտպանյալը ընկերների հետ շտապել էր Երևան, բայց ծեծի ժամանակ արդեն վերադարձած է եղել գյուղ. - «Ինքը չկա թե' էդ կադրերում, ինքը չկա թե' Ազգային ժողովի կադրերում... Չկա որևէ նյութ, որը որ կարող է ներկայացնել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ քննվում է քրեական գործը, որ Ժիրիկ Սիրեկանյանը մասնակցություն ունի այսինչ գործողության կատարմանը։ Եթե չլիներ Ժիրիկ Սիրեկանյանի ցուցմունքը... ինչ են մեզ ասում՝ այ, ինքը ընդունում է, որ եղել է Ազգային ժողովում։ Նա եղել է Ազգային ժողովում։ Շատ կներեք, Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի մուտքի մոտ, թե անգամ ներսում երեք հարյուր հազար քաղաքացի ա եղել»։

Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը ծեծի է ենթարկվում փողոցում, տեսագրությունը կա համացանցում ու իրավապահների մոտ, անգամ պարզ է մեղադրյալների շրջանակը, բայց գործի քննությունը շուրջ երկու տարի ձգձգվում է։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի զարմանում։ Ասում է, որ այսպես է եղել տասնյակ տարիներով, իսկ պատճառը փնթի, ոչ պրոֆեսիոնալ համակարգն է. - «2000-ականների ողջ ընթացքում ենք էդ մասին խոսել, Մարտի 1-ի գործերով ենք էդ մասին խոսել։ Մարտի 1-ից ինչքան ժամանակ է անցել, ես անընդհատ զբաղվում եմ էդ գործերի արդարացման խնդիրներով, մինչև հիմա ենք էդ մասին խոսում։ Այսինքն՝ մենք ունենք արդարադատության մի համակարգ, որը, ցավոք, ոչ միայն կայացած չի, այլև ցույց չի տալիս իրական ցանկություն կայանալու։ Նախարարներ են գալիս և հեռանում են, փոխվում են, նոր իշխանություններ են գալիս, նոր խոստումներ են տալիս, ընտրություններ են լինում՝ խոստումներով հանդերձ, բայց ոչինչ չի փոխվում»։

Հարությունյանի կարծիքով, ի տարբերություն գործող իշխանության, նախկինները բարձրաստիճան պաշտոնյայի ծեծի հարցը այլ կերպ կլուծեին։ Սա, թերևս, միակ տարբերությունն է. - «Տարբերությունն այն է, որ նրանք կհանձնարարեին դատավորից մեկին, կամ նախաքննական մարմիններից որևէ մեկին վերևից հանձնարարություն կիջներ թիրախավորված կոնկրետ մեկին, որ ներկա է եղել, մասնակից է եղել թե ոչ՝ էական չի, քաղաքական նկատառումներով թիրախավորված որևէ մեկին վերցնել, հայտարարել նրան ամբաստանյալ, ապա մեղադրյալ և դատապարտել։ Դա կլիներ այն ժամանակ։ Եվ կդրվեր պլյուս նշանը, որ գործը արվեց, ավարտին հասցվեց։ Այնուհետև էդ գործը կգնար Եվրադատարան, ինչ հանգուցալուծում կստանար, նրանց չէր հետաքրքրի։ Այս դեպքում մենք էդ հանձնարարությունների հետ գործ չունենք, բայց նաև շարունակում ենք գործ ունենալ նույն էդ արատավոր, չաշխատող համակարգի հետ»։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգություններին, այս դեպքում առաջընթաց կա։ Կառավարության և խորհրդարանի շենք ներխուժած 8 անձ մեղավոր է ճանաչվել, 24-ի դատավարությունը դեռ ընթանում է, իսկ 21 մեղադրյալի գործ դեռ նախաքննության փուլում է։

XS
SM
MD
LG