Մատչելիության հղումներ

Վանաձորում օդի աղտոտվածությունը հաճախ գերազանցում է թույլատրելի մակարդակը


Անտառներով շրջապատված Վանաձորում օդի աղտոտվածությունը հաճախ թույլատրելիից մեկ ու կես անգամ ավելի է լինում՝ անցնելով նույնիսկ ցեմենտ արտադրող Արարատ և Հրազդան քաղաքներին։

Տվյալներն արձանագրել են Օդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի դիտակայանները, բայց դեղնամոխրագույն փոշին տեսանելի է նաև վանաձորցի վարորդների անզեն աչքով. - «Անձրևից հետո մեքենայի վրա պարզ էրևում ա»։

Արտյոմ Ոսկանյանն ամեն օր տեղադրում ու մեկ օր անց լաբորատոր ստուգման է տանում Վանաձորի երեք դիտակայաններում տեղադրված ֆիլտրերը, որոնք իրենց վրա են հավաքում փոշին։ Դրա հիման վրա են չափում օդի փոշոտվածության մակարդակը։ Աչքի տեսածով պնդում է՝ վերջին տարիներին Վանաձորում սպիտակ, կլոր ֆիլտրերը փոշուց հաճախ սևանում են։ Երբեմնի կանաչ Վանաձորի համար անսովոր է, ասում է. - «Էս վերջին տարիներին մեզ մոտ ավելի է աղտոտվածությունը բարձր, քան նախկին երեք-չորս տարիների հետ համեմատ»։

Ջուլիետա Թամարյանը Վանաձորի լաբորատորիայի վարիչն է։ Հաստատում է՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը տարեցտարի ավելի փոշոտ է դառնում։ Ըստ մասնագետի, փոշու հիմնական պատճառն այստեղ աղբն է։ Աղբարկղերն ուշ են դատարկվում, փողոցները գրեթե չեն մաքրվում. - «Ամենամեծ խնդիրը, իմ կարծիքով, աղբահանությունն է։ Օրինակ, հենց դիտակայանի առաջ գտնվում է աղբարկղ, որ շատ ուշ-ուշ ա դատարկվում էդ աղբը, որից էլ փոշին, աղտոտվածությունն օդի ավելի մեծ ա լինում։ Որ քայլում էլ ենք, փոշին անընդհատ բարձրանում ա, այսինքն՝ չի մաքրվում տարածքը»։

Վանաձորի երեք դիտակայաններից մեկը գտնվում է Դիմաց թաղամասում։ Փոշու ամենաբարձր տվյալները հենց այս կայանն է արձանագրում, որտեղ շուրջբոլորն աղբ է, վաղուց չմաքրված տարածքից գարշահոտություն է տարածվել։ Հարակից փողոցը, բնակիչների հավաստմամբ, վերջին երեսուն տարում չի ասֆալտապատվել։

Փոքր-ինչ հեռու՝ մեկ տարի առաջ Վանաձորի բնակավայր դարձած Գուգարք գյուղի մուտքի մոտ իսկական աղբավայր է։ Գլորվող տարաներն ու օդում պտտվող տոպրակները հասնում են հարակից տներ։ Բնակիչներից Նոնա Գևորգյանն ասաց, որ անգամ մարզային իշխանություններին են դիմել, դիմումներ գրել, ապարդյուն։ Գյուղը Վանաձորի թաղամաս դարձնելուց հետո ասես աղբավայրում են ապրում. - «Ընթացքում տանում են, բայց կարող ա երկու շաբաթը մեկ, կամ երեք շաբաթը մեկ։ Հիմա միացել ա քաղաքին, առաջ ավելի լավ էին տանում գյուղապետարանից»։

Մինչդեռ Վանաձորի համայնքապետարանում հերքում են օդերևութաբանների պնդումները, թե Վանաձորի օդում փոշին աղբից ու չմաքրվող փողոցներից է։ Մատնացույց են անում հարակից բնակավայրերում ակտիվացած քարհանքերն ու ոսկու հանքերը։

Բայց միաժամանակ աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը չի ժխտում՝ քաղաքում ու միացված գյուղական բնակավայրերում աղբահանությունն իրենց չի գոհացնում. - «Կենցաղային աղբից ի՞նչ փոշի... Ինձ չի թվում, որ դա էդ աստիճանի ա, որ օդը աղտոտի։ Այլ պատճառներ կան»։

Վանաձորն արդեն մեկ տարի չունի հաստատված բյուջե, քանի որ ավագանու նիստեր չեն արվում, ավագանիով ձևավորված իշխանություն այստեղ չկա։ Ֆինանսական հատկացումները, այդ թվում աղբահանության համար վճարներն արվում են ըստ նախորդ տարվա բյուջեի։ Նշանակված պաշտոնակատարներն ասում են՝ Վանաձորում այս տարի աղբը շատացել է, մինչդեռ գումարն ավելացնելու հնարավորություն չունեն. - «Մենք սրա հետ որ ասեմ սկզբունքորեն համաձայն ենք, որ էս ձևով գնա, չէ։ Այդպես չի։ Բայց էս պահին մենք սրանից ավելի ոչ մի բան չենք կարող անել, որովհետև նախորդ տարվա բյուջեով ենք աշխատում և դրանից ավելի խնդիր չենք կարող լուծել»։

Օթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տվյալներն արձանագրում, բայց վերլուծություն չի անում, թե օդի աղտոտման աղբյուրները որոնք են։ Այս դեպքում դժվար է պարզել Վանաձորի փոշոտվածության իրական պատճառը, «Ազատությանն» ասաց Կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը. - «Տարանջատել հնարավոր չի, պետք ա կոնկրետ գիտահետազոտական աշխատանք, մոդելավորում իրականացվի, էդ փոշու բաղադրությունը ուսումնասիրվի, փորձվի հասկանալ, թե այդ փոշին որ տարածքից էկավ։ Ոչ մեկը չի կարա դրա պատճառը բացատրել»։

Օդերևութաբանության և մանիտորինգի կոնտրոնը մթնոլորտային օդում չափում է նաև ազոտի և ծծմբի քանակությունը։ Դրանք, սակայն, գերազանցված չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG