Ռուսաստանի նախագահն այսօր օրենք է ստորագրել, ըստ որի ծանր հանցագործությունների համար չմարված դատվածություն ունեցող քաղաքացիները կարող են մոբիլիզացվել Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
Օրենքը չի տարածվում մի շարք ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ մանկապղծության, ահաբեկչության համար դատապարտված անձանց վրա։ Անկախ աղբյուրները պարբերաբար հայտնում են, որ Պուտինի մտերիմ գործարար Եվգենի Պրիգոժինին պատկանող «Վագներ» մասնավոր զորախմբում բանտարկյալներ են հավաքագրվում։
Ռուսաստանի նախագահն այսօր նաև հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացվել է 318 հազար մարդ, մինչդեռ պաշտոնապես հայտարարված պլանը 300 հազար էր. - «Ինչո՞ւ 318: Որովհետև կամավորները գալիս են։ Կամավորների թիվը չի նվազում»։
Պուտինի խոսքերով, մոբիլիզացված 49 հազարն արդեն «մարտական առաջադրանքներ են կատարում», իսկ մնացածները վերապատրաստվում են։
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսական բանակը ռազմաճակատի առանձին հատվածներում զգալիորեն մեծացրել է ռազմական գործողությունների ինտենսիվությունը, հատկապես Բախմուտի ուղղությամբ։
Բարդ իրավիճակ է օկուպացված Խերսոնում։ Ռուսական կողմն այստեղից հարկադրաբար տարհանել է բնակչությանը։
Ուկրաինական կողմը սակայն պնդում է, թե քաղաքից հեռացել են յոթասուն հազարից միայն հինգ հազարը։
Քաղաքի ուկրաինական ադմինիստրացիայի ներկայացուցիչ Յուրի Սոբոլևսկին ասում է, որ այսօր քաղաքում քաոսային իրավիճակ է. - «Փակվում են հիվանդանոցներ, դեղատներ, մթերային խանութներ։ Փաստացի չեն աշխատում կոմունալ ծառայությունները, չի գործում քաղաքային տրանսպորտը։ Բնակչությանն ասում են, թե ուկրաինական ուժերը ավերելու են քաղաքը, պայթեցնելու են ջրմաբարը»։
Ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսները չեն պատրաստվում թողնել Խերսոնը, միայն նման տպավորություն են ստեղծում։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, սակայն, հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնը ազատագրելոը հնարավորություն ունեն. - «Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ուկրաինացիները կարող են գրավել Դնեպր գետի աջ ափը, Խերսոնը և մնացած տարածքները, ես, անշուշտ, հավատում եմ, որ նրանք դա անելու հնարավորություն ունեն»։
Միաժամանակ ռուսական բանակը շարունակում ռմբակոծել Ուկրաինայի ենթակառուցվածքները, ինչի պատճառով 4,5 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության։
Ուկրաինայաի նախագահի խոսքով, ռուսները էներգետիկ տեռորի են դիմել թուլությունից. - «Նրանք չեն կարող հաղթել Ուկրաինային մարտի դաշտում, ուստի փորձում են այսպես ջարդել մեր ժողովրդին, նվաստացնել ուկրաինացիներին, հարվածել մեր ժողովրդի ոգուն, մեր ժողովրդի դիմադրությանը: Ես հավատում եմ, որ Ռուսաստանին դա չի հաջողվի»։
Մինչ ռուսական բանակը շարունակում է ուկրաինական բնակավայրերի և կենսական նշանակության ենթակառուցվածքների ռմբակոծությունը, Եվրամիությունն ուսումնասիրում է հարյուր միլիարդավոր եվրոյի սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։
Բրիտանական հետախուզության տվյալներով, ռուսական բանակը, ամենայն հավանականությամբ, կկիրառի «պաշտպանիչ ջոկատներ»։ Դրանք հայտնի էին երկրորդ համշխարհային պատերազմից. նման ջոկատները թույլ չեն տալիս զինվորներին նահանջել, պարզաես կրակում են նահանջողների վրա։ «Դասալիքներին գնդակահարելու մարտավարությունը կարող է վկայել զորքերի ցածր բարոյականության և կարգապահության մասին», - եզրակացնում են բրիտանացի հետախույզները։
Ռուսական բանակում առկա խնդիրների մասին է վկայում նաև այն որ կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Լապինինին փոխարինել է մեկ այլ գեներալ՝ Ալեքսանդր Լինկովը։