Մատչելիության հղումներ

Քաղաքացիները պնդում են՝ ապրուստն օրեցօր դժվարանում է, մինչդեռ կառավարությունը «տնտեսական բումի» մասին է հաղորդում


«Մի՞ս, մենք ընդհանրապես միս չենք առնում, էն որ հավի վիզ ա լինում չէ, այ դրանից էսօր մի հատ առել եմ, 200 դրամ», - ասում է 86-ամյա Նվարդ Մակիյանը: Նա շուրջ 40 հազար դրամ թոշակ է ստանում։

Խիստ խնայելով, գրեթե ամեն ինչից իրեն զրկելով, ասում է, մեկ է, չի հերիքում, այսօր 1500 դրամ է ծախսել, բայց դեռ իր ու ու 90-ամյա ամուսնու դեղերը պիտի գնի, կոմունալները վճարի. «Քանի գնում ենք, քանի վատանում ենք: Չե՞ս տեսնում՝ ինչեր են կատարվում: Մարդ, որ ցանկանա, ասի՝ քնել, չհելնեմ, էլ ի՞նչ ես ուզում»:

Տարեց կինը սրտնեղում է՝ իրենց ապրուստն օրեցօր ավելի դժվար է դառնում, երկու զավակների գործն էլ լավ չէ, իրենց օգնել չեն կարողանում։

Իշխանությունների հայտարարած «տնտեսական բումը» կարծես տիկին Նվարդի ու հարյուր հազարավոր այլ քաղաքացիների կողքով է անցնում։ Կառավարությունը մի կողմից հպարտանում է երկնիշ տնտեսական աճով, մյուս կողմից խոստովանում՝ աննախադեպ թանկացումները գուցե ավելացնեն աղքատների թիվը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատ է բնակչության 27 տոկոսը։

«Տարվա վերջին մենք կարող է տեսնենք ավելի բարձր աղքատության ցուցանիշ: Ես դա չեմ ժխտում, որովհետև մենք ունենք շատ բարձր ինֆլյացիա, այն բարձր գնաճը, որը հիմնականում ոչ մեզնից կախված պատճառներով է առաջացել աշխարհում և նաև Հայաստանում, ակնհայտորեն ի սկզբանե մոտ 15 տոկոսով, 27-42 տոկոս մինչև գնահատական կար, որ կարող է աղքատության մակարդակը բարձրանա գնաճի պատճառով: Հիմա թե մեր արած աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք այնպես անել, որ այդ 27-ը նվազի, կամ 27-ը 42 չդառնա, դա պաշտոնական թվերը ցույց կտան, երբ հրապարակվեն», - ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Օրեցօր սրվող սոցիալական խնդիրների, չնահանջող գնաճի այս շրջանում էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում է՝ կառավարությունն ամբողջ տարի աշխատել է, որպեսզի անապահովների եկամուտներն ավելի շատ աճեն, քան թանկացումների բեռն է։

Նախարարն օրինակ է բերում կենսաթոշակների 3100 դրամով ավելացումը, ինչն իրականում սննդամթերքի 14 տոկոսանոց գնաճը չծածկեց։

Սեպտեմբերից բարձրացած թոշակների մասին հարցը տիկին Նվարդի քմծիծաղն է առաջացնում միայն. «3000 դրամն ի՞նչ անեմ»:

Հայաստանցիների գրպանին շարունակաբար հարվածող գնաճը պաշտոնական կանխատեսումներով առաջիկայում չի նահանջելու։ Հոկտեմբերի տվյալներով՝ սննդամթերքի թանկացումը շարունակում է երկնիշ մնալ։

Դրամի նկատմամբ դոլարի կտրուկ անկումը տրամաբանորեն պետք է հանգեցներ ներկրվող ապրանքների էժանացմանը։ Բացի այդ, մի շարք պարենային ապրանքների միջազգային գներն են նվազել։ Սակայն այս հանգամանքը հայաստանյան գների վրա գրեթե չի ազդել։

Շաքարավազն, օրինակ, վերջին ամսում թանկացել է շուրջ 3 տոկոսով։ Այնինչ, միջազգային գինն, ըստ ՄԱԿ-ի Պարենի կազմակերպության, շարունակաբար նվազում է։

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հատկապես թանկացել են հացը, ձավարեղենը, միսը։ Շատ են թանկացել նաև կաթնամթերքն ու մրգերը։

«Գներն ընդհանրապես որոշակի կոշտություն ունեն, և եթե աճի տրենդ են ձևավորում, շատ դժվար է էդ տրենդը կոտրել, ու դա մեխանիկորեն գործընթաց չի լինում։ Այսինքն՝ ուղղակի միջազգային շուկաներում գների նվազմանը մեր մոտ մեխանիկորեն չեն արձագանքում, այլ դրանք շատ ավելի կեշտ, ընդ որում գների նվազման ուղղությամբ են ճշգրտվում», - նկատում է տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը:

Ինչո՞ւ գների նվազման միտում չկա. նա երկու գործոն է առանձնացնում. մեկն այն է, որ գները սովորաբար շատ դանդաղ են նահանջում, մյուսը ռուսաստանցիների ներհոսքով պայմանավորված առկա մեծ պահանջարկն է. «Համաշխարհային գների տատանողական միջավայրում գրեթե բոլոր երկրներում բարձր գնաճային միջավայր է, գները տատանողական են, այդ պայմաններում նկատելի գնանկումային ազդեցություններ սպասելը դժվար է»:

Կենտրոնական բանկն օրերս հայտարարեց՝ դոլարի անկման արդյունքում գների նվազում ակնկալում են։ Կառավարությունն էլ խոստանում է հունվարից ավելացնել նվազագույն աշխատավարձը, տարվա երկրորդ կեսից՝ նաև թոշակները։ Տիկին Նվարդը, սակայն, մեծ հույսեր չունի, հարցնում է՝ մինչև եկող տարի «կմնա՞նք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG