Մատչելիության հղումներ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությունն է տարածել


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, այսօր հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջունելով միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ «ամենայն ջանք ի գործ դնել ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

«Հայրենիքը ազգի հարատևության երաշխիքն է, ուստի երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ», - հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը՝ հորդորելով հայրենաբնակ և աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Մայր Աթոռում մի քանի օր էր բարձրաստիճան հոգևորականները փակ դռների հետևում քննարկումներ էին անցկացնում։ Որպես ատենապետ ժողովին մասնակցում էր նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը հինգ ամիս առաջ ևս մեկ ժողով էր գումարել ու հայտարարել, որ խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG