Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրերով՝ Արտակ Բեգլարյանն ազատվեց պետական նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Վարդանյանը:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ պետնախարարը կհամակարգի առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, սոցիալական զարգացման և միգրացիայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների գործունեությունը:

Վարդանյանին վերապահվել են նաև պետական վերահսկողական ծառայության պետի, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի, նյութական վնասների հարցերի կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի, ջրային կոմիտեի նախագահների գործունեության համակարգման գործառույթներ։

Դեռ հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր 54-ամյա գործարարին առաջարկել ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանն էլ հայտարարել էր՝ պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

XS
SM
MD
LG