CNN ամերիկյան հեռուստատեսության հաղորդագրության համաձայն՝ Իրանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել մոտ հազար միավոր զենք, այն մինչև տարեվերջ պետք է հասնի Ռուսաստան:
CNN-ը վկայակոչում է «արևմտյան երկրներից մեկի անանուն պաշտոնական ներկայացուցչին», ով ասել է, որ Թեհրանը Մոսկվային կարող է փոխանցել «երկիր-երկիր» տեսակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Ռուսաստանին Իրանի փոխանցած սպառազենի վերջին խմբաքանակը ներառել է մոտ 450 անօդաչու թռչող սարք:
Ռուսաստանն այդ անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին, գրոհների ընթացքում նաև խաղաղ բնակիչներ են զոհվել:
Կիևում ենթադրում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ կտեղակայի իրանական բալիստիկ հրթիռները: Դրանք տեխնիկական չափորոշիչներով մոտ են ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռներին:
Ռուսաստանում «Իսկանդեր»-ների քանակը, ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի, աստիճանաբար սպառվում է, իսկ նորերի մատակարարումը դանդաղ է ընթանում:
Մոսկվան պնդում է, որ Ուկրաինայում միայն հայրենական արտադրության զենք է կիրառում: Թեհրանն էլ պնդում է, որ ռուս - ուկրաինական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին սպառազեն չի տրամադրում: