Մեկուկես ամիս առաջ Սոթքում զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանի տան բակում հարևաններն ու ընկերները արդեն ցայտաղբյուր են կառուցել, շուտով նաև խաչքար կտեղադրեն նրա հիշատակին: Պաշտպանության նախարարությունը, սակայն, դեռ չի հրապարակել սեպտեմբերի 13-14-ի զոհերի ամբողջական ցուցակը, անգամ վերջնական թիվը հայտնի չէ։
Լավրենտը ընդամենը 1,5 ամիս առաջ էր զորակոչվել, չէր հասցրել անգամ դիրքեր բարձրանալ։ Զոհվել է բեկորային վնասվածքից զորամասի մոտակայքում։
«Ընկերուհին է խոսացել դեպքից 25 րոպե առաջ: Ասել է՝ լավ, քունս տարավ, գնանք, քնենք: Գնացել են սաղ երեխեքը, գնացել է, քնել է, ռմբակոծությունը որ սկսվել է, չգիտենք էլ՝ որ մեկը գալիս է, ասում է՝ հելեք, փախեք: Ո՞ւր փախնեն այդ երեխեքը, մի ամսվա ծառայող են, սաղ հելել են երեխեքը, մայկա-տռուսիկով փախել են, ինքը հելել, հագնվել…», - պատմում են ընտանիքի անդամները:
Լավրենտի ծնողները հարցեր ուներ զորամասի ղեկավարությանը, պատասխանները պետք է ստանան քննության արդյունքում։ Որդուն հետ չեն բերի, բայց հույս ունեն այդպես կանխել մյուս 18 տարեկան, Լավրենտի նման տղաների մահը. «Ինչի՞ են երեխեքը քնած եղել էդ ժամանակ, ի՞նչ իրավունք ունեին երեխեքը քնած լինել այդ ժամին, մյուս զորամասերից երկու ժամ առաջ բոլոր երեխաներին հանել են դուրս: Զորամասեր կան, որ մեքենաները լույսերը անջատել էին, երեխեքին դուրս են հանել զորամասերից: Էս երեխեքը խի՞ են էդ ժամին քնած եղել: Այս հարցերի պատասխանները ինձ պիտի տան», - ասում է հայրը:
Լավրենտի մահից հետո տանը հիմնականում լռություն է։ Մոր՝ Անի Խաչատրյանի խոսքով՝ նա ընտանիքի ամենաուրախ ու աղմկոտ անդամն էր, տունը լցնում էր երաժտությամբ ու հումորով. «Բոլոր միջոցառումներում ինքը միշտ ուրախ է, միշտ»:
Լավրենտը պարում էր 9 տարեկանից, մերժել էր ծնողների՝ ուրիշ մասնագիտրություն ընտրելու առաջարկն ու ընդունվել բուհ հենց պարարվեստի բաժին։ Մոր խոսքով՝ ասում էր՝ «չեմ կարող առավոտյան արթնանալ ու գնալ չսիրած գործի»։ Փորձել էր սիրած գործը նաև ծառայության հետ համակցել, բայց Պաշտպանության նախարարության «Սարդարապատ» համույթը նրան չէր ընդունել՝ առողջական խնդիրների պատճառով։
«Հոդված են դրել սրտի հետ կապված, պիտանի է ծառայության սահմանփակումներով, 10 տարի է պարում է, ինքը սրտի խնդիր չունի՞: Ո՞նց … բա չէ, ես չեմ կարող ինձ վրա մեղք վերցնել, բա որ սիրտը կանգնի պարելիս, ինքը գիտեք՝ «Սարդարապատում» ինչ նագռուզկաների տակ է լինելու, ես չեմ կարա թույլ տամ մասնակցել: Ասացի՝ լավ», - հիշում է հայրը:
Պիտանի չհամարելով պարի համույթում` Լավրենտին զորակոչել են ծառայության հենց սահմանային զորամաս, որտեղ, ծնողների խոսքով, իրենց տղան ոչ վարժանքներից էր խուսափում, ոչ էլ որևէ կերպ մյուսներից տարբերվում. «Սիրտը չպարելուց կանգնեց իր»:
«Ինքը պիտի մնար, սովորեցներ, ինձ սովորեցներ, նայեի այնպես, ոնց ինքն է նայում, տեսնում առանց դժվարությունների, իր աչքերով»:
Հեռացավ մեր թիմի ամենաուժեղ ու լավատես անդամը, ասում է Անին։ Լավրենտը ընտանիքի երկրորդ զոհն է վերջին երկու տարում: 44-օրյա պատերազմի ընթացքում էլ նրա քեռին էր զոհվել. մեկնել էր կամավոր։
«Եղբայրս 44-օրյայի ժամանակ մի ամիս կռվել է, ու մենք գիտեինք՝ 50/50 է իր հետ գալը, պատերազմ է գնացել կամավոր, բայց էսօր…. էնքան դժվար է, զարմանում եմ մեկ-մեկ, մտածում եմ՝ ոնց են այն մամաներն ապրում 44-օրյայի, ովքեր 18 տարեկան են կորցրել: Իմ մաման կորցրել է, բայց 32 տարեկան, ի՞նչն է ձեզ սփոփում, որովհետև ոչ մի բան չի սփոփում»:
Ընկերները, հարևաններն ու բարեկամները մենակ չեն թողնում Լավրենտի ծնողներին ու եղբորը, երբեմն տան դուռը թակում ու անգամ անծանոթ մարդիկ են ներս մտնում, պատմում են, փորձում են գոտեպնդող բառեր գտնել։
«Ասում են, որ պետք է ապրենք իրեն մեր մեջ զգալով: Չեմ ուզում իրեն իմ մեջ զգամ, ուզում եմ իրեն գրկել», - ասում է մայրը:
Սեպտեմբերի զոհերի հաստատված թիվ դեռ վերջնական չեն հայտնել, զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է, և այն չի թարմացվել հոկտեմբերի 14-ի վարչապետի հայտարարությունից հետո։