Մատչելիության հղումներ

Արամ Սաթյանը երրորդ անգամ ընտրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ


Արամ Սաթյան
Արամ Սաթյան

Երեկ երեկոյան ավարտվեց Հայաստանի կոմպոզիտորների միության 16-րդ համագումարը՝ միության նախագահ վերընտրելով Արամ Սաթյանին։

Միության նախագահի թեկնածուները երեքն էին. 2013 թվականից միության գործող նախագահ Արամ Սաթյանը և կոմպոզիտորներ՝ միության փոխնախագահ Ավետիս Բերբերյանն ու Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը։ Հենց սկզբից Ավետիս Բերբերյանը ինքաբացարձակ հայտարարեց, իսկ ընտրության արդյունքում քվեները բախշվեցին 56-30 հարաբերակցությամբ և, արդյունքում Արամ Սաթյանը երրորդ անգամ ընտրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում։

Մինչև ընտրությունները երկու թեկնածուները ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագրերը և ակնհայտ էր, որ 38-ամյա Արամ Հովհաննիսյանը միությունը նոր բարեփոխությունների ճանապարհով է տանելու, որոնք շատ հանգամանորեն ներկայացված էին նրա 11-կետանոց ծրագրում։ Իսկ 75-ամյա Արամ Սաթյանը ծրագրում է շարունակել այն գործունեությունը, որը սկսել էր դեռ 8 տարի առաջ, կամ ավելի ճիշտ 9 տարի առաջ, քանի որ միության 16-րդ համագումարը պիտի կայանար դեռ անցյալ տարի, բայց ինչ-ինչ պատճառներով տեղի ունեցավ այս տարի։

Երեկ քվեարկությունից առաջ «Ազատության» հետ զրույցում Արամ Սաթյանը նշեց. - «Այն, ինչ որ ծրագրել էինք, մենք կարողացել անել, հիմա պետք է անել հերթական քայլերը... Ուղղակի պետք է մտածել, սկսել, շարունակել և բերել արդյունքի։ Եվ քանի որ մենք կարողացանք որոշ դժվարություններ հաղթահարել, այսօր մենք ձիու վրա ենք»։

Արամ Հովհաննիսյանն ընդգծում էր, որ իր ծրագրային դրույթները կարող են ժամանակակից, միջազգային չափանիշների գործունեություն ապահովել միության համար. - «Առաջարկները օդից չենք վերցված կամ ուղղակի ուսումնասիրված, նրանք արդեն կիրառված մեխանիզմներ են տարբեր ոլորտներում, համաշխարհային տարածում ունեն։ Մենք ուզում ենք բերել ավելի լայնամասշտաբ ձևով և կիրառել նաև Կոմպոզիտորների միության [գործունեության մեջ]։ Դա բարդ աշխատանք է, բայց պրոֆեսիոնալների ներգրավվածությամբ՝ իրագործելի»։

Երեկ ողջ օրվա ընթացքում տեղի ունեցած համագումարից ակնհայտ էր, որ միության անդամները միության գործունեության նոր բարեփոխումների կարիք չունեին. մեծ մասամբ ելույթներ հնչեցին ի պաշտպանություն Արամ Սաթյանի։ Բայց ոչ միայն երիտասարդ կոմպոզիտորներից մի քանիսը, այլև Տիգրան Մանսուրյանը , Ստեփան Ռոստոմյանը և այլք, կոչ արեցին միության գործունեության նոր ձևաչափերի անհրաժեշտությանը շատ լրջորեն վերաբերվել։

«Միությունը պետք է թևակոխի նոր ժամանակաշրջան, որտեղ նոր մտածողություն պիտի լինի՝ նոր ժամանակի շնչի հետ համահունչով, և նոր մտքեր և գաղափարներ կլինեն, գործելաձև կփոխվի և ամեն ինչ։ Սա ժամանակի ունեցել է բոլորովին այլ նպատակ, Խորհրդային Միության ժամանակ, բայց այնուամենայնիվ, եղել են նաև դրական կողմեր։ Այդ բոլոր դրական կողմերը պետք է վերցնել։ Միությունը ունի համբավ՝ իր անդամների շնորհիվ, ունի ռեսուրսներ, պետք է ուղղակի նոր ձևաչափ գտնել դրա գործունեության համար, այլ ոչ թե շարունակել այդ հին մեթոդներով», - «Ազատությանն» ասաց երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը։

Իսկ Ստեփան Ռոստոմյանն «Ազատությանն» ասաց. - «Խոսում են՝ էս արեցին, էն արեցինք... բայց դա այսօրվա մտածողությանը, այսօրվա կյանքին չի համապատասխանում։ Նոր մտածողություն է պետք, նոր մասշտաբներ, նոր որակներ։ Իսկ դրանք, իմ կարծիքով, պիտի երիտասարդներն անեն, նրանք, ովքեր որ դրա ցանկությունն ունեն ու դրա ուժը ունեն։ Թվում է, թե դա ֆինանսների խնդիր է, բայց դա ֆինանսների խնդիր չէ։ Ուղղակի կոնցեպցիա չկա, ցանկություն չկա դրա։ Այ եթե էդ ցանկությունը լինի մեծ մակարդակներում, միջոցներ էլ կգտնվեն։ Էն, ինչ որ Սովետական Միության ժամանակ միությունները մտածված էր, որպեսզի ամեն տեղ կարողանան հսկել, հիմա արդեն երեսուն տարի է, չկա Սովետական Միությունը, բայց մտածողությունը պահպանվել է»։

Կոմպոզիտորների միությունն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը։ Համագումարը նախագահող Մարտին Վարդազյանը ի պատասխան «Ազատության» հարցին, հետևյալն ասաց միության գործունեության մասին. - «Հրաշալի անցյալ էր, դժվար ներկա, բայց պայծառ ապագա»։

Ավագ սերնդի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յուրի Երզնկյանը շեշտեց. - «Ես երիտասարդների կողմն եմ, մի կողմից, բայց Արամ Սաթյանը նենց գործ ա սկսել, որ հարկավոր ա թողել վերջացնի։ Իրան չի կարելի հիմա խանգարել»։

XS
SM
MD
LG