Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Կոմպոզիտորների միության 16-րդ համագումարը


Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան

Այս տարեսկզբից Հայաստանի Կոմպոզիտորների միությունը նշում է հիմնադրման 90-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ օրերս միության մի շարք անդամներ՝ երաժշտագետներ, կոմպոզիտորներ պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Տարվա ընթացքում միությունը, ի նշանավորումն հիմնադրման 90-ամյա հոբելյանի, բացի հոբելյանական համերգներից, հանդես է եկել նաև մի շարք ուշագրավ ծրագրերով։ Բոլորովին վերջերս Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանում միությունը ցուցահանդես էր կազմակերպել, որտեղ ներկայացված են բացառիկ արխիվային նյութեր, լուսանկարներ՝ կապված միության 90-ամյա պատմությանն ու մեր նշանավոր կոմպոզիտորներին։

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ Կոմպոզիտորների միությունը համերգային շրջագայություն կազմակերպեց Արցախում, նաև Սյունիքի և Տավուշի սահմանամերձ շրջաններում, որտեղ տեղի բնակչությունը հնարավորություն ստացավ ունկնդրել ոչ միայն հրաշալի համերգներ, այլև տեսնել և ծանոթանալ մեր ժամանակակից մեկ տասնայկից ավել կոմպոզիտորների։

Հոբելյանական հագեցած տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ նաև հոբելյանական փառատոն, որի շրջանակներում մեր երաժշտասերներին ներկայացվեցին հայ կոմպոզիտորների 45 ստեղծագործություններ՝ կամերային, սիմֆոնիկ, երգչախմբային և այլն։ Ի դեպ, միության ճեմասրահում ևս փառատոնի կապակցությամբ ցուցահանդես բացվեց, որտեղ նույնպես շատ ուշագրավ արխիվային նյութեր և լուսանկարներ են ներկայացված։

Փառատոնին մասնակցում էին լավագույն նվագախմբերը, երաժշտախմբերն ու երգչախմբերը, մենակատարները։ Փառատոնային 7 համերգների ընթացքում ի թիվս այլ ստեղծագործությունների մեր երաժշտասերներին 25 պրեմիերա ներկայացնելով։

Այս և այլ ուշագրավ նախագծեր միությունը նախաձեռնել և իրականացնում է միայն մեկ նպատակով՝ մեր հանրությանը է'լ ավելի ճանաչելի դարձնելու ոչ միայն միության ստեղծագործական ընթացքը, որով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, այլ նաև ճանաչելի դարձնելու այսօր մեր կողքին ապրող ու ստեղծագործող ժամանակակից կոմպոզիտորներին և նրանց ստեղշագործությունները։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծում է. - «Շատ մեծ տարբերություն կա մեր հասարակության կողմից ընդունել նորը։ Դա յուրաքանչյուր երկրում է։ Եղել են դեպքեր, երբ որ նոր ստեղծագործությունը դեռ հարյուր տարի առաջ երբ որ հնչեց, դահլիճում փչացած ձվեր են գցել հեղինակի ուղղությամբ։ Հիմա մենք ասում ենք՝ դա հանճարեղ գործերից մեկն է 20-րդ դարի։ Նորը միշտ էլ դժվարությամբ է ընդունվում։ Պետք է միառժամանակ անցնի, մինչև մենք հասկանանք այդ ստեղծագործության արժեքը։ Ես, լինելով կոմպոզիտոր, շատ անգամ չեմ կարող ասել սա հանճարեղ է, թե սա անտաղանդ գործ է։ Բայց մոտավորապես պրոֆեսիոնալ կողմը կարող ենք մենք ապահովել։ Այնպես որ, ժամանակն է միայն լուծում այս հարցը։ Մինչև չլսի կոմպոզիտորը այն, ինչը որ թղթին ինքը գրել է, նա չի կարող հասկանալ, թե ինչքանով է համապատասխանում ականջը և այն, ինչ որ հնչում է։ Եվ այստեղ Կոմպոզիտորների միություն միակն է, որը կարող է պրոֆեսիոնալ կարծիք հայտնի։ Դրա համար մենք առաջարկում ենք տարբեր խմբերին, տարբեր նվագախմբերին մեր կոմպոզիտորների ստեղծած գործերը։ Աստված տա, որ մեջները հարյուրից գոնե մեկը լինի հանճարեղ»։

Հավելենք, որ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Կոմպոզիտորների միության 16-րդ համագումարը, որի շրջանակներում տեղի կունենա ղեկավար մարմինների, ադ թվում միության նախագահի ընտրությունները։ Միության նախագահի երեք թեկնածու է առաջադրված՝ գործող նախագահ Արամ Սաթյանի, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանի և Արամ Հովհաննիսյանի։

Նրանք իրենց նախընտրական ծրագրերը կներկայացնեն համագումարի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG