Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանեց Սոչի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Սոչի:

Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, հայտնում է վարչապետի գրասենյակը։

Սա Պուտինի մասնակցությամբ առաջին հանդիպումն է սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո։

Հայտնի չէ՝ արդյոք այսօրվա հանդիպմանը կողմերը որևէ փաստաթուղթ կստորագրեն, թե ոչ։

Հոկտեմբերի սկզբին Պրահայում Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության միջնորդությամբ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն են ընդունել, որում ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությանը։ Ավելին՝ Երևանն ու Բաքուն Պրահայից հետո հայտարարել են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության մասին։

Երեկ Արցախի խորհրդարանը դիմել է Ռուսաստանին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն «ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով»: Արտահերթ նիստում միաձայն ընդունված հայտարարությամբ խորհրդարանը նաև առաջարկում է Մոսկվային այդ նպատակով ներդնել «քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»։ Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, հայտարարությունը չի հստակեցնում:

XS
SM
MD
LG