Արցախի հարցի կարգավորման երկու՝ ռուսաստանյան ու արևմտյան ընկալում կա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում այսօր հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին շրջանում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար, և Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրը և ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. - «Որ կա ռուսական ընկալում և արևմտյան ընկալում՝ սա ճիշտ է»։
Իսկ ինչի՞ մասին են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ռուսական ու արևմտյան ընկալումները։ Միջնորդ երկրների փաթեթներով ի՞նչ է սպասում Արցախին, Փաշինյանը չմանրամասնեց։ «Իսկ Հայաստանի Հանրապետությունը ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին», - նշեց նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր նախօրեին հայտարարել, թե վաշինգտոնյան տարբերակով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը խեղաթյուրում ու ապատեղեկատվություն է որակել Պուտինի մեկնաբանությունը, բայց չի էլ հստակեցրել՝ ի վերջո, գոյություն ունի՞ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ։
Իսկ ի՞նչ է նախատեսված ռուսական տարբերակով. Պուտինը փակագծեր չէր բացել, միայն նշելով՝ եթե Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղն ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում դա հաշվի առնել, ապա Մոսկվան դա կընդունի՝ պայմանավորվելով նաև Ադրբեջանի հետ։ Ըստ փորձագետների՝ ռուսական տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը հետաձգվում է։
«Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է՝ սա շատ կարևոր նրբություն է: Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ», - ասաց Հայաստանի վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ սեպտեմբերին հայկական կողմը համաձայնել է այդ ծրագրին։ Ասաց՝ պատրաստ է Սոչիում եռակողմ համաձայնությամբ այդ փաստաթուղթը ստորագրել որպես հիմք հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար: «Հույս ունեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը իր առաջարկությունները կպաշտպանի», - այսօր ևս նշեց վարչապետը:
Ըստ ռուսաստանյան փորձագետների, լրատվամիջոցների՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակով փորձ է արվում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որ երկարաձգվի ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում՝ 10-20 տարով։
«Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք ուզո՞ւմ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում՝ իհարկե ուզում ենք: Երեկ Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել, ես պաշտոնապես ասում եմ՝ ես պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով՝ ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել», - վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
2020 թվականի նոյեմբերյան հայտարարությամբ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ավարտվում է 2025 թվականին։ Փաշինյանն առաջարկում է, որ երկարաձգման գործընթացը նախաձեռնի Ռուսաստանի նախագահը:
«Բայց Ռուսաստանի Դաշնությունը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պիտի այնտեղ մնան ինչ-որ ժամկետով: Դա եռակողմ թուղթ է, և եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կլինենք մեծամասնություն», - շեշտեց վարչապետը:
«Փաշինյանը պետք է հասկանա՝ որ երկրի շահն է համընկնում Հայաստանի հետ, այդ ուղղությամբ էլ գնա»
Ի՞նչ է նշանակում Հայաստանի ղեկավարի այս հայտարարությունը, արդյոք սա նահա՞նջ է Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը բոլորի առաջարկներն էլ պետք է քննարկի, հասկանա Հայաստանի շահն ու ինքն էլ առաջարկներ ներկայացնի։
«Այսինքն, մարդ կարող է անհույս վիճակում էր՝ ինչ-որ մի բան է ասել, հիմա կարող է հնարավորություններ է տեսնում՝ ուրիշ բաներ է ասում, նահանջս ո՞րն է։ Պետք է լուրջ խոսել, չէ՞, պետք է բոլորի հետ խոսել և փորձել մարդկանց կարծիքներն էլ փոխել: Այսինքն, դա այդպես չի, որ ասել են մի անգամ՝ այսպես է: Տեսել են՝ դու ամեն ինչի պատրաստ ես, ասել են՝ «գնա, ամեն ինչ հանձնիր», հիմա որ տեսնում են՝ չէ, պատրաստ չես, կարող է ուրիշ ձև, չէ՞, հետդ խոսեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Ըստ քաղաքագետի, Փաշինյանը պետք է հասկանա՝ որ երկրի շահն է համընկնում Հայաստանի հետ, այդ ուղղությամբ էլ գնա, չի համընկնում՝ պետք է մերժի. - «Մենք էլ պիտի տեսնենք՝ ինչ հնարավորություններ են մեզ համար բացվում այդ երկրների շահերով: Եթե համընկնում է մեզ հետ, համագործակցում ենք, չի համընկնում՝ ասում ենք՝ «կներեք, մենք զբաղված ենք»: Աշխարհն այսպես է կառուցված»:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր վարչություն ընտրեց
Իշխող ուժի 6-րդ համաժողովը Մարզահամերգային համալիրում էր և լրագրողների համար փակ։ Լրագրողները նույնիսկ հնարավորություն չունեցան Փաշինյանին ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հարցեր տալ, նրանք շենք էին մտել ետնամուտքով։ Մինչդեռ նախորդ համագումարում, երբ մի քանի ամսվա իշխանություն էին, համաժողովը փոքր սրահում էր, և ամբողջ ընթացքը լրագրողները լուսաբանեցին սրահից։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամներ ընտրվեցին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Գևորգ Պապոյանը, Արփինե Դավոյանը, Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Հայկ Կոնջորյանը և Ռոմանոս Պետրոսյանը։ Նորընտիր կազմում չէ Արարատ Միրզոյանը, արտգործնախարարը նաև թեկնածուների ցանկում չկար։