Վրաստանն ու Ադրբեջանը կօգնեն Հունգարիային հաղթահարել ուկրաինական պատերազմի պատճառով ծագած էներգետիկ ճգնաժամի հետևանքները։ Նախօրեին Բուդապեշտում, հյուրընկալելով վրացական կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիին, այդ մասին հայտարարեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ նշելով, որ իր երկիրը հարավկովկասյան երկրների աջակցությամբ պատրաստվում է նվազեցնել եվրոպական շուկայում աստիճանաբար դեֆիցիտի վերածվող գազի ներկրման ծավալները։
«Մեր ցանկությունը նոր, ավելի հզոր էլեկտրահաղորդման գծեր ունենալն է։ Դա թույլ կտա մեզ Ադրբեջանից՝ Վրաստանի և Ռումինիայի միջոցով, էլեկտրաէներգիա ներկրել։ Այդ նախաձեռնության շնորհիվ մենք գազի բավական մեծ ծավալներ կտնտեսենք։ Դա այն գազն է, որ մենք այժմ օգտագործում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Եթե մենք այդ էլեկտրաէներգիան ստանանք հաջորդ տարի՝ արդեն ստիպված չենք լինի գազ գնել», - հայտարարում էր Օրբանը։
Այս շաբաթասկզբին, Թբիլիսի կատարած այցի ընթացքում, Իլհամ Ալիևն արդեն իսկ հայտարարել էր Վրաստանի տարածքով եվրոպական երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները մեծացնելու մտադրության մասին։ Փաստորեն, համատեղ վրաց-ադրբեջանական ծրագրի առաջին շահառուն դառնում է Հունգարիան։
Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Բուդապեշտ էր ժամանել բավական պատկառելի մի պատվիրակության հետ։ Դրանում ընդգրկված էին փոխվարչապետը, արտաքին գործերի նախարարը, կառավարության մի շարք այլ առանցքային անդամներ։ Վրացական մի շարք լրատվամիջոցների և անկախ փորձագետների գնահատմամբ՝ պաշտոնական Թբիլիսին, ի դեմս Օրբանի կառավարության, վերջապես կարողացել է ԵՄ ներսում հավատարիմ մի դաշնակից գտնել՝ երկիր, որ պատրաստ է համագործակցել՝ առանց հավելյալ պահանջներ ներկայացնելու։ Խոսքը նախևառաջ ուկրաինական ճգնաժամում Թբիլիսիի և Բուդապեշտի մոտեցումների համընկնման մասին է։
«Պետք է առավելագույնն անենք, որպեսզի մեր երկիրը, որքան հնարավոր է արագորեն մերձենա Եվրոպայի հետ»
«Այս հարցում թե՛ Բուդապեշտը և թե՛ Թբիլիսին առաջնային են համարում իրենց ազգային շահերը», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։
«Ուկրաինայում ընթացող պատերազմը բացարձակապես անընդունել է։ Մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր հնարավոր հարթակներում։ Մեր ցանկությունն է, որպեսզի այդ պատերազմը հնարավորինս արագ ավարտվի։ Բոլորիս նպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պատերազմի երկարաձգումը, այլ դրա շուտափույթ ավարտը», - նշում էր Ղարիբաշվիլին։
Վրացական կառավարության ղեկավարը նաև արձանագրում էր, որ ուկրաինական պատերազմը գլոբալ տնտեսական ճգնաժամի՝ նախևառաջ էներգակիրների գնի կտրուկ աճի է հանգեցրել։ Չնայած դրան՝ պետությունները փորձում են ելքեր գտնել և Վրաստանին դա կարծես հաջողվում է։
«Մեր տնտեսությունը զարգանում է։ Վրաստանում երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել և մենք պետք է առավելագույնն անենք, որպեսզի մեր երկիրը, որքան հնարավոր է արագորեն մերձենա Եվրոպայի և եվրոպական կառույցների հետ», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։
Մայրցամաքի գլխավոր եվրոսկեպտիկի՝ Վիկտոր Օրբանի համոզմամբ ևս, Վրաստանը արժանի է ԵՄ հետ կապերի սերտացման, սակայն եվրոպացի պաշտոնյաներն են, որ խոչընդոտում են դրան։
«Մենք բոլորս էլ գիտենք, որ Բրյուսելում շատ վատ, ես կասեի խտրական մի որոշում հրապարակվեց, երբ թեկնածուի կարգավիճակ շնորհվեց Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Դա չի կարող արդարացված համարվել անգամ բարոյական տեսանկյունից, նման մոտեցումը պարզապես վնասակար է։ Դա անհարգալից պահվածք էր թե՛ վրաց ժողովրդի և թե՛ վրացական պետության նկատմամբ», - հայտարարում էր Հունգարիայի վարչապետը։
Հիշեցնենք, Եվրամիության խորհուրդը այս տարվա հունիսի 23-ին որոշեց թեկնածու երկրների կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային, իսկ Թբիլիսիին 12 նախապայմաններից կազմված մի ցանկ ներկայացրեց, որոնց կատարման դեպքում միայն Վրաստանը հնարավորություն կստանա միանալ ուկրաինացիներին և մոլդովացիներին։ Բրյուսելի առաջ քաշած նախապայմաններից առանցքայինը երկրի քաղաքական դաշտի ապաօլիգարխացումն էր, որը շատերն ընկալեցին որպես Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ստվերային ազդեցության նվազեցման պահանջ։ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, երեկ Բուդապեշտում մեկ անգամ ևս կրկնեց՝ Վրաստանը շարունակելու է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել՝ որպես հիմք ընդունելով Հունգարիայի փորձը։
Վրացական ընդդիմությունը սրան հակադարձում է, որ Ղարիբաշվիլիի կառավարության ընտրությունը լավագույնը չէ և որ պետք չէ մոռանալ՝ ընդամենը մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանը Վիկտոր Օրբանի վարչակազմը քննադատող կոշտ բանաձև է ընդունել։
«Օրբանի պաշտոնավարման տարիներին Հունգարիան վերածվել է ընտրական ավտոկրատիայի հիբրիդային ռեժիմի, որտեղ խախտվում են ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները», - նշված էր Եվրախորհրդարանի բանաձևում։