Մատչելիության հղումներ

«Շիրակ» կենտրոնն առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքին


Շիրակի մարզի Գուսանագյուղի կիսախարխուլ, առանց տանիքի տանն է Զոհրաբին ու Ծովիկին միայնակ մեծացնում Լուսինե Նահապետյանը։

Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքին ոչ թե սոցիալական ծառայությունները, այլ անապահովների խնդիրներով զբաղվող «Շիրակ» կենտրոնն է հայտնաբերել։ Երեկ հասցրել են իրենց բարերարների միջոցով առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրել՝ անկողնուց մինչև վառելիք:

20 տարի առաջ է այս տուն Լուսինեն հարս է եկել Երևանից: Ասում է՝ այն ժամանակ վատ չէին ապրում, բայց ամուսինը Ռուսաստան մեկնեց ու չվերադարձավ, իսկ սկեսրոջ մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ. - «Ինչ կիսուրս մահացավ, դարմանը տենց գնաց...»

Տունը ո'չ տանիք ունի, ո'չ դուռ ու պատուհան: Հարմարեցրել ու յոլա են գնում. - «Կռիշ վաբշե չունենք։ Էդ կռիշը լրիվ քամին տալիս ա, քցում ա»։

Ընտանիքի բյուջեն 29 հազար դրամ անապահովության նպաստն է ու փոքրիկի 28 հազար դրամ կաթի գումարը, որը հունվարից կդադարի ստանալ. - «Դա էլ չի հերիքում, հազիվ պարտքերն եմ ես փակում։ Ահագին պարտք ունեմ, խանութը տալիս ա, վերցնում եմ... հազիվ ծերը ծերին հասցնում եմ»։

Լուսինեն հիմա չի աշխատում, ասում է առողջական խնդիրներ ունի, նաև տղան է դեռ փոքր: Թե չէ, ասում է, հարևան գյուղերի գոմերում էլ է աշխատել, դաշտերում էլ: Հողատարածք էլ չունեն, որ մշակի, տարիներ առաջ են վաճառել։ Բայց 39-ամյա կինը չի դժգոհում, իր հարստությունն ասում է՝ երկամյա Զոհրաբն ու 12-ամյա Ծովիկն են. - «Էրեխեն էլ ուրախություն ա... Էրեխայա, հելնում ես, զբաղվում ես, օրդ անցնում ա... չորս պատի մեջը չե՞ս նստի»։

Կիսախարխուլ տունն էլ իրենցը չէ: Ամուսնու հայրական տունն է, ու մտավախություն ունի որ մի օր էլ դրանից էլ կզրկվեն. - «Ես կուզեի ինձի չորս պատ տային, էն էլ չեն տալի, որ ես իմ անկյունը սեփական ունենամ։ Մարդիկ կարող ա գան, ասեն հելի դուս, ես ո՞ւր հելնեմ էթամ»։

Շիրակը Հայաստանի ամենաղքատ մարզն է, շուրջ 40 տոկոս աղքատների ավելի քան 2,2 տոկոսը ծայրահեղ աղքատ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG