Ռուսաստանը Սիրիայից Ուկրաինա է փոխադրել С-300 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր և հազարից ավելի զինծառայողներ: Այդ մասին՝ հղում անելով Մերձավոր Արևելքում աշխատող երկու բարձրաստիճան արևմտյան դիվանագետներին և մի իսրայելցի բարձրաստիճան զինծառայողին, հայտնում է The New York Times ամերիկյան պարբերականը:
Ուկրաինայում ռուսական բանակը С-300 համակարգերն օգտագործում է այդ թվում ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար:
Ըստ The New York Times-ի, Սիրիայից С-300 համակարգերի և զինծառայողների մի մասի դուրս բերումը կարող է ազդել Իսրայելի գործողությունների վրա:
Պարբերականի աղբյուրի կարծիքով, Իսրայելը հրաժարվում է ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային, ենթադրելով, որ եթե Կիևի խնդրանքը բավարարվի, ռուսները С-300 համակարգերով կսկսեն թիրախավորել Սիրիայի օդային տարածքում իսրայելյան մարտական ինքնաթիռները:
Իսրայելի երկրորդ մտահոգությունն էլ այն է, որ Մոսկվան կարող է ի պատասխան Իսրայելի և Ուկրաինայի ենթադրյալ համագործակցության, խոչընդոտել Իսրայելի քաղաքացիների մեկնումը Ռուսաստանից դուրս:
The New York Times-ի երկու աղբյուրների պնդմամբ, Ռուսաստանը Սիրիայից Ուկրաինա է փոխադրել երկու գումարտակ՝ 1200-ից 1600 զինծառայող:
Բացի այդ, Մոսկվայի որոշմամբ, Սիրիայից Ուկրաինա են գործուղվել մի շարք ռուսաստանցի հրամանատարներ, քանի որ ռուսաստանյան ռազմական ղեկավարությունը հետզհետե ավելի քիչ է ներգրավվում Սիրիայում առօրյա գործառնությունների կառավարմանը:
Դրա հետևանքով նվազել է նաև Ռուսաստանի և Իսրայելի բանակների գործողությունների համակարգումը:
Ռուսաստանի և Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբերը հաստատել են կապի փակ խողովակ այն բանից հետո, երբ 2018-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը վայր է գցել մի ռուսական մարտական օդանավ, համոզված լինելով, որ այն իսրայելական է: Իսրայելի բանակը չի ցանկանում խզել կապը ռուսական ուժերի հետ:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երեկ հայտարարել է, որ Իսրայելը ՀՕՊ համակարգեր կամ այլ սպառազեն Ուկրաինային չի տրամադրի, բայց փոխարենը կտա իրանական արտադրության ԱԹՍ-ների մասին տեղեկություններ: