Այս գիշեր Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում հարված է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Նրա խոսքով՝ հարվածի տակ է ընկել նաև արդյունաբերական ձեռնարկություն։
«Լուրջ վնասներ կան, բոլոր ծառայություններն աշխատում են»,-
հայտնել է Ռեզնիչենկոն։ Զոհեր և վիրավորներ չկան։
Գիշերը և վաղ առավոտյան ռուսական բանակը հրթիռակոծել է Ուկրաինայի մի շարք այլ շրջաններ ևս, հայտնում են ուկրաինական իշխանությունները։
Զապորոժիեի շրջանում առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել Կամիշևախա բնակավայրի մանկական մասնագիտացված դպրոցի վրա։ «Զոհեր չկան, սակայն կան ավերված քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի շենքեր», - ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
Նիկոլաևի շրջանում վնասվել են տներ, բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Փոխանցվում է, որ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով առաջացած երկու հրդեհ արդեն մարվել է։
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ռուս զինվորականները հարվածում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ զգալի վնաս հասցնելով։
Ուկրաինան այսօրվանից սահմանափակումներ է մտցրել էլեկտրաէներգիայի սպառման համար․ հովհարային անջատումներ կլինեն առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ը, նախօրեին հայտնել էր «Ուկրէներգո»-ն։
«Ուկրէներգո»-ում էլեկտրաէներգիան անջատելու որոշումը հարկադիր քայլ են անվանել և հիշեցրել, որ հոկտեմբերի 10-ից ի վեր Ռուսաստանից ավելի շատ հարձակումներ են իրականացվել ուկրաինական էներգահամակարգի վրա, քան պատերազմի ութ ամիսների ընթացքում։
Կիևում այսօր առավոտից սկսվել են առաջին հոսանքազրկումները։ Սումիի մարզում մեկ օրով ջրամատակարարումը կդադարեցվի, էլեկտրական տրանսպորտը չի աշխատի և փողոցների լուսավորությունը չի միացվի։