Մատչելիության հղումներ

Բնակարանների վարձավճարները կրկնակի-եռակի բարձրացել են նաև Գյումրիում


Ռուսաստանցի Դմիտրին ու կինը սեպտեմբերին են Հայաստան եկել։ Երևանյան բնակարանների գները իմանալուց հետո կանգ են առել Գյումրիի վրա։

Դմիտրի
Դմիտրի

«Երևանում չմնացինք, քանի որ բնակարանների գները բարձր էին: Գները հարցրել ենք՝ տարբեր էին, ամսական մինչև 1000 դոլար, մեզ համար մատչելի չէր։ Իսկ այստեղ մեկ սենյականոցը 75 հազար դրամով ենք վարձել, բախտներս բերել է», - «Ազատությանն» ասաց նա:

Անշարժ գույքի օրեցօր թանկացման ֆոնին էժան բնակարանի փնտրտուքը ռուսաստանցի բազմաթիվ միգրանտների նաև Գյումրի է բերել։ Բայց այստեղ ևս բնակարանների վարձավճարները անգամներով են բարձրացել, ասում է «Էլիտար Ռիելթի» անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը. - «Երևի կրկնակի և եռակի գինը բարձրացել ա։ Եթե էն ժամանակ մի սենյականոցը կարող էին վարձակալել 40-50 հազարի սահմաններում, ներկա պահին մեկ սենյականոցը 200 հազար դրամ է»։

Պատերազմին ընդդիմացող ու իրենց երկիրը լքող ռուսաստանցիները հիմնականում նախ Երևանում են հաստատվում, ոմանք հետո Հայաստանի այլ քաղաքներ են տեղափոխվում։

Ալեքսանդր
Ալեքսանդր

Ալեքսանդրը կես տարի Երևանում է բնակվել, բայց մեկ ամիս առաջ մայրաքաղաքի համեմատ էժան՝ 160 հազար դրամով բնակարան է գտել ու Գյումրի տեղափոխվել: Նկատել է, որ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայից հետո գները կրկին սկսեցին բարձրանալ. - «Այն կես տարին, որ Երևանում եմ ապրել, բնակարան եմ վարձել ամիսը 1000 դոլարով: Հետո 200 հազար դրամով, այսինքն մոտ 500 դոլարով գտա, բայց դա մինչև մոբիլիզացիան: Հիմա ամեն ինչ թանկացել է: Տեղափոխվեցինք այստեղ, որ էժան գնով վարձենք, բայց այստեղ էլ է սկսել թանկանալ»:

Անի Խաչատրյան
Անի Խաչատրյան

Անշարժ գույքի գործակալը հաստատում է, որ Գյումրիում բնակարանների վարձակալության գնաճի երկրորդ փուլը Ռուսաստանում հայտարարաված մոբլիլիզիացիայից հետո արձանագրվեց ու ավելի կտրուկ, քան գարնանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո. - «Անցած անգամ էղավ, երբ որ պատերազմը նոր էր սկսվել։ Էդ ժամանակ մի փոքր թանկացավ, ոչ այսքան շատ։ Էն ժամանակ եթե մի սենյականոցը 50 հազարով կարող էին ձեռք բերել, պատերազմը հենց սկսվեց, էդ ժամանակ գոնե 100 [հազար] էր։ Իսկ հիմա ավելի թանկացել է՝ կրկնակի ու եռակի»։

Գյումրիում հաստատված ռուսաստանցիները նաև անշարժ գույք են գնում. - «Գնում են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ, տներ, որոնք որ ոչ շատ ծայրամասերում են գտնվում ու մոտավորապես գնային սանդղակով ասեմ՝ 15-20 հազար դրամի սահմաններում»։

Ոմանք նաև բիզնես գործունեության համար են անշարժ գույք գնում։

XS
SM
MD
LG