Մատչելիության հղումներ

«Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ»․ Երևանը՝ Բաքվին


Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը, թե հայկական կողմը լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում Դաշքեսանի ուղղությամբ:

Երևանը նշում է, որ հայկական կողմի քայլերն իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, շեշտում է Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով՝ ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:

«Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել», - ասված է հայտարարությունում:

Այսօր պաշտոնական Բաքուն հաղորդել էր, թե հոկտեմբերի 16-ից նկատում են զինծառայողների և հրետանու 4 միավորների տեղադրում Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ՝ նշելով՝ «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»:

XS
SM
MD
LG