Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Ամենօրյա ապատեղեկատվությամբ Բաքուն փորձում է սահմանային լարվածություն ստեղծել


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հերթական հաղորդումը՝ նման ապատեղեկատվության տարածումը որակելով արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ», - ասված է Պաշտպանության նախարարության լրատվական վարչության հաղորդագրությունում:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այսօր հաղորդել է, թե հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Լաչինի, Քելբաջարի և Թովուզի շրջաններում, որոնց ի պատասխան իբր «համարժեք գործողություններ են ձեռնարկվել», փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը:

XS
SM
MD
LG