Միջազգային բարձր հեղինակություն վայելող մի խումբ դատավորներ Հաագայում Ուկրաինայի խնդրաքով կստեղծեն հատուկ դատարան, որը պետք է քննի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այդ երկրի մնացած բարձրաստիճան ղեկավարների հանցանքները:
Դատարանի ստեղծման շուրջ աշխատում են միջազգային դատավարություններին մասնակցելու փորձ ունեցող իրավաբաններ:
Արդեն 11 երկրներ նախնական հավանություն են տվել այդ գաղափարին: Դատարանը կարող է աշխատանքը սկսել մոտավորապես մեկ տարի անց:
«Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակից Իրինա Ռոմալիյսկայայի հետ զրույցում նախաձեռնության ուկրաինական աշխատանքային խմբի անդամ Օլեգ Գավրիշը նշել է, որ մեղադրյալների աթոռին կարող են նստել նաև ռուսաստանցի քարոզիչները: Գուցե նաև այդ նպատակով էլ մի առանձին դատարան ստեղծվի, քանի որ դա բավական բարդ հարց է:
«Պրոպագանդայի հարցով հատնի է երկու դատավարություն՝ մեկը Նյուրնբերգյան դատավարության շրջանակներում «Երրորդ ռայխի» պրոպագանդայի նախարարության գործն է, մյուսը՝ այսպես կոչված «Հազար բլուրների ռադիոյի» գործը: Այդ ռադիոկայանն ատելություն քարոզելով հանցագործ դեր է կատարել Ռուանդայում ցեղասպանության օրերին», - ասել է Գավրիշը:
Նրա խոսքով, Ուկրաինայի ներքին օրենսդրությունը պատասխանատվություն է ենթադրում պատերազմ հրահրելու համար: Միջազգային մակարդակով այդ հարցի քննարկումը դեռ ամենասկզբնական փուլում է:
Հաագայում ստեղծվելիք դատարանը կզբաղվի ագրեսիայի մեղադրանքով, որը պետք է ներկայացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա Անվտանգության խորհրդի անդամներին:
Բայց արդյո՞ք անձամբ Պուտինը կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այստեղ կան բարդություններ:
Գավրիշի խոսքով՝ գոյություն ունի Հաագայի Միջազգային քրեական դատարանը, որը կարող է անձին դատել պատերազմի հանցագործությունների համար, սակայն Ռուսաստանը չի միացել այդ դատարանին և չի վավերացրել «Հռոմի ստատուտը»:
Ագրեսիան միջազգային իրավունքի տեսակետից համարվում է ամենածանր խախտումը, այսպես կոչված «մայր հանցանք», և ընձեռում է անձին մեղադրանք ներկայացնելու հնարավորություն:
Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցմամբ, իսկ 2022-ի փետրվարին մեկնարկել է «հատուկ ռազմական օպերացիան», որը Կիևը և միջազգային հանրության մեծ մասը համարում են «լայնածավալ ներխուժում»:
Դրան հավանություն է տվել Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որի անդամներն են այդ երկրի բոլոր բարձրաստիճան ղեկավարները:
Միջազգային քրեական դատարանը չի կարող նրանց մեղադրանք ներկայացնել, դրա համար էլ Ուկրաինան առաջարկում է Հաագայում ստեղծել հատուկ դատարան: