Մատչելիության հղումներ

Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի հրթիռներ ամերիկյան ՀՕՊ կայանքների համար


Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, արխիվ:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ Լոնդոնը Կիևին կփոխանցի հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք կիրառվելու են Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ՀՕՊ համակարգերի միջոցով:

Այդ մասին նախարարն ասել է այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների ժողովից առաջ:

«Հրթիռները ՀՕՊ ամերիկյան համակարգերի համար են, ամերիկացիները նույն հրթիռներն են կիրառում: Դրանք կտեղադրվեն ամերիկյան կայանքների վրա», - ասել է Ուոլեսը:

Ավելի վաղ Լոնդոնը հայտնել է, որ Կիևին կփոխանցի հրթիռներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի վնասազերծել ուկրաինական քաղաքների վրա ռուսների կողմից արձակված թևավոր հրթիռները:

Այդ մասին բրիտանացիներն ասել են օրեր անց այն բանից հետո, երբ ռուսները հրթիռակոծել են մի շարք ուկրաինական բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը:

Խոսքը «երկինք-երկինք» տեսակի հրթիռի մասին է, որը տեղադրվում է «երկիր-երկինք» ամերիկյան գերարդիական հակաօդային պաշտպանության կայանքի վրա:

Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել ռուսների կողմից միջուկային սպառազեն կիրառելու հավանականության թեման, բայց ասել է, թե «ՆԱՏՕ-ի առաքելությունն է պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած տեսակի մարտահրավեր»:

ՆԱՏՕ-ն մտադիր է հաջորդ շաբաթ անցկացնել միջուկային սպառնալիքի զսպման տարեկան վարժանքը: Ռուսաստանն, իր հերթին, նման վարժանք կանցկացնի դրանից մեկ շաբաթ անց:

XS
SM
MD
LG