Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան․ «143 կողմ, սա ապշեցուցիչ է, սա շատ վատ է Ռուսաստանի համար»


Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, 12 հոկտեմբերի, 2022թ.
Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում, 12 հոկտեմբերի, 2022թ.

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան նախօրեին քվեների գերիշխող մեծամասնությամբ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս շրջանների ապօրինի անեքսիան:

ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 պետությունների երեք քառորդը՝ 143-ը, կողմ են քվեարկել բանաձևին, որով նաև վերահաստատվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Մենք դարձանք 21-րդ դարում ՄԱԿ-ում պատմական իրադարձության ականատես, 143 կողմ, սա ապշեցուցիչ է, սա շատ վատ է Ռուսաստանի համար»,- ասել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցյան:

«Զարմացած չեմ, բայց շատ գոհ եմ արդյունքից, բոլորս շունչներս պահած՝ հետևում էինք կողմ քվեների թվի աճին: Սա հզոր և հստակ ուղերձ է Մոսկվային առ այն, որ Ռուսաստանը չի կարող վախեցնել ամբողջ աշխարհը, սա ուղերձ է առ այն, որ պետք է դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ նահանգների դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Ռուսաստանից զատ բանաձևին դեմ են քվեարկել միայն Սիրիան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան և Բելառուսը:

34 երկրներ, որոց թվում է նաև Հայաստանը, ձեռնպահ են քվեարկել: Մի շարք պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, քվեարկությանը չեն մասնակցել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն արգելանք է դրել նմանօրինակ բանաձևի վրա, որը՝ եթե ընդունվեր, պարտադիր ուժ կունենար:

XS
SM
MD
LG